Логотип

Ահաբեկչական գործողության է նման․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

Գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը նման է ահաբեկչության։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է երկարաձգել Կարապետյանի կալանքը 2 ամիս ժամկետով։

«Սա նման է որոշակի առումով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են պատանդ պահում մարդուն։ Սա ի՞նչ վարքագիծ է»,- ասաց Վարդևանյանը։

Այս համատեքստում պաշտպանն անդրադարձավ նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ի կայացրած որոշմանը՝ ՀԷՑ-ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ։

Ըստ որոշման՝ 3 ամիս ժամանակ է տրված սեփականատիրոջ հետ բանակցություններ անցկացնելու և համաձայնության հասնելու համար։ Վարդևանյանը հարց է ուղղում․ իսկ որտե՞ղ են բանակցությունները սեփականատիրոջ հետ վարելու՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ու՞մ (որտեղ Սամվել Կարապետյանն է– խմբ․)։

Պաշտպանը շեշտեց` առաջին իսկ օրվանից այստեղ իրավական գործընթաց չկա։

«Ես հաջորդ նիստից առաջ երևի խնդրելու եմ կապ հաստատել, փորձել հասկանալ՝ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք։ Որովեհտև ՀԾԿՀ-ի որոշումը դեռ չկար, իշխանական ԶԼՄ-ներն արդեն գրում էին, որ զրկելու են լիցենզիայից»,- ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը տարակուսած է՝ ինչի՞ համար է իրավական պաշտպանություն կազմակերպվում, հարյուրավոր մարդիկ հավաքվում են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գործարարին, տասնյակ լրագրողներ գալիս են լուսաբանելու գործընթացը, սակայն ելքը, ըստ նրա, կանխորոշվում է իշխանական ԶԼՄ-ի հրապարակումով։

«Այս ամենն ինչի՞ համար է արվում (նկատի ունի իրավական պաշտպանություն, աջակցություն Սամվել Կարապետյանին– խմբ․), եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը պարզապես երեկվա 18։30-ի դրությամբ կարող է դատական նիստի ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն՝ այդքան խրթին իրավական հարցերի և մյուս կողմից՝ պրիմիտիվ, անհիմն միջնորդության պայմաններով, «Հայկական ժամանակն» ամբողջն ասի, որ կալանքը պետք է երկարացվի։ Այդ նյութը 23։00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի։ Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնենք դրա մասին, դատավորը արտահայտի իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց է կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել։ 100-ից 100 կանխատեսումը կատարեց»,- հայտարարեց Վարդևանյանը։

Հավելեց՝ նման բան ՀՀ-ում չի տեսել․ 2 ամիս կալանքի միջնորդությունը բավարարել այն դեպքում, երբ դրանից 1 ամիս առաջ որոշում էր կայացվել կալանքը 1 ամսով երկարաձգել։

«Սա պարզապես անլրջություն է․․․ Հերթական իրավական ծաղր արձանագրեցինք՝ իրականում վիրավորական աստիճանի»,- հայտարարեց Վարդևանյանը։

Sputnik Արմենիա