Ֆրանսիան շարունակում է ուսումնասիրել ուկրաինական հակամարտության մեջ ավելի ուղիղ կերպով ներգրավվելու տարբերակները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:
Գերատեսչության տվյալներով՝ նման քայլերից մեկը Փարիզի կառավարական դեկրետն է, որը թույլ է տալիս մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործումը «զինված բախման իրավիճակում գտնվող երրորդ երկրին» օգնելու համար:
ԱՀԾ-ում նշել են, որ տվյալ փաստաթուղթը փաստացի ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերություններին Ուկրաինա ուղարկելու հնարավորություն է բացում: Ռուսական գերատեսչությունում ընդգծել են, որ հրամանագրում այդ կառույցները նշված են որպես Ֆրանսիայի պաշտպանության նախարարության «ռեֆերենս-օպերատորներ», սակայն դրանց հայտնվելը հակամարտության գոտում Մոսկվայի կողմից կդիտվի որպես Ֆրանսիայի ուղղակի մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին:
«Ուկրաինայում ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայությունը կդիտարկվի որպես Ֆրանսիայի անմիջական մասնակցություն հակամարտությանը։ Որպես հետևանք, ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունները կդառնան ռուսական Զինված ուժերի առաջնահերթ օրինական թիրախը»,-ասված է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա
