Логотип

ԱՀԾ-ի հաղորդագրությունները մերկապարանոց չեն լինում. Պեսկովը` ՀՀ ցորեն մատակարարելու մասին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ուզում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասն ավելի բարձր գնով ձեռք բերելով Կիևից և ավելցուկային արժեքը ստանալով ԵՄ միջոցների հաշվին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է որակել այս հայտարարությունը։

Պեսկովը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունեն։

«Տեղյակ եք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք։ Հույս ունենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ երկկողմանի հիմքով և ինտեգրացիոն գործընթացների շրջանակում։

«Կշարունակենք անել դա նաև հետագայում», – ասել է Պեսկովը։

Նշենք, որ Հայաստանի հացահատիկի 90%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Հայաստանում ցորենի ինքնաբավությունը կազմում է 23.2%։

Sputnik Արմենիա