Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տեղի է ունեցել 13-րդ ամենամյա պատարագը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նշենք, որ եկեղեցին տարեկան միայն մեկ անգամ է բացվում աշնանային ժամերգության համար։
Հոգևորականներն ու ուխտավորները կղզի են հասել նավակով։ Հավատացյալների ժամանելուն պես դիմավորել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նրա օգնական քահանա Կասպար Կարապետյանը և եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը։ Պատարագը ներառել է մոմավառություն, աղոթքներ և շարականներ։ Մասնակցել են ուխտավորներ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Անատոլիայի տարբեր շրջաններից, Ստամբուլից և Հայաստանից։
Պատրիարք Մաշալյանը նշել է, որ մարդիկ տարբեր երկրներից եկել են՝ անցյալի հիշատակը հարգելու Աղթամարի 1100-ամյա Սուրբ Խաչ եկեղեցում։
«Թող մեր աղոթքները խաղաղություն բերեն երկնքից երկիր և ողջ մարդկությանը։ Մենք հույս ունենք, որ այս տարածաշրջանի ժողովուրդները, ովքեր մեծ տառապանքներ են ապրել, կսովորեն անցյալից և այսօր կգտնեն խաղաղություն, եղբայրություն և միասնություն»,- ասել է նա։
Եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին ճարտարապետ Մանուել եպիսկոպոսի կողմից՝ Վասպուրականի թագավորության կառավարիչ թագավոր՝ Գագիկ Ա Արծրունու ղեկավարությամբ։ 1113 թվականին այն դարձել է Հայ Առաքելական եկեղեցու Աղթամարի կաթողիկոսության կենտրոնը։
Armenia Today