Логотип

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՏԻ ՏԱՍԸ ԿԵՏԵՐԸ. ԻՍԿ Ե՞ՐԲ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ

Նիկոլի ամենահավատարմահպատակ պատգամավորներից մեկը՝ Արթուր Հովհաննիսյանը, որը հայտնի է բացառապես ԱԺ պատերի ներսում հնչեցրած անպարկեշտ հայհոյանքներով, ինչպես նաև իր շեֆի ամենանողկալի մտքերը բարձրաձայնելու պատրաստակամությամբ, օրերս հայտարարեց, թե, իբր՝ «վարչապետի ոչ մի հայտարարություն չի կարող անհիմն լինել» ։ Նրա խոսքերով՝ իշխանությունները «հավաստի տեղեկություններ ունեն Կաթողիկոսությունը երկրից դուրս բերելու որոշ հոգևորականների փորձերի մասին»: Գարեգին Բ Կաթողիկոսը և նրա շուրջ մի խումբ հոգևորականներ խնդիր են ներկայացնում պետական անվտանգության համար, և անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինները միջոցներ կձեռնարկեն, դեմքի կարևոր արտահայտությամբ հայտարարեց սույն սուբյեկտը:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, ԹԵ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴ ՓԱՍՏԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, Հովհաննիսյանը պատասխանեց, թե տեղեկատվությունը կա, բայց կհրապարակվի հարկ եղած ժամանակ: Եվ հավելեց, որ դեռևս պարզ չէ, թե բավարար են արդյոք այդ տվյալները քրեական գործ հարուցելու համար, և որոշումը կկայացնեն անհրաժեշտության դեպքում:

Դե, եթե փաստերից եք խոսում, անդրադառնանք փաստերին։ Երեկվանից սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Ֆեյսբուք սոցցանցի օգտատեր Սպարտակ Ծատուրյանի գրառումը ։ Ըստ էության, դրանում ոչ մի նոր բան չկա. 10 համառոտ կետեր, որոնցում ընդամենը ամփոփված են Գարեգին Բ Կաթողիկոսին և Հայ Եկեղեցուն հասցեագրված բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչեցնում են անձամբ Փաշինյանը կամ նրա հավատարիմ շները, սկսած եկեղեցու վրա հարձակման ակտիվ փուլից՝ անցած տարվա հունիսից։

«1. «Եկեղեցիները չուլան են սարքել»- չանցավ

2. «Կաթողիկոսը դուստր ունի»- չանցավ

3. «Կաթողիկոսի եղբայրը ՊԱԿ գործակալ է»- չանցավ

4. «Կաթողիկոսը ենաթարկվում է օտարերկրյա լեյտենանտի»- չանցավ

5. «Կաթողիկոսը վաճառել է Սուրբ Գեղարդը»- էս էլ չանցավ

6. «Կաթողիկոսը Եկեղեցին ուզում է ձուլել Ռուս ուղղափառ եկեղեցուն»- էս էլ չանցավ

7. «Կաթողիկոսը ուզում է տեղափոխել կաթողիկոսությունը»- էս էլ չանցավ

8. «Կաթողիկոսը ուզում է հափշտակել Եկեղեցու գանձերը»- էս էլ չանցավ

9. «Կաթողիկոսը եկեղեցիներում քաղաքական քարոզ է արել, ուզում է զավթել իշխանությունը»- էս էլ չանցավ

10. «Եկեղեցում կան 4-5 մանկապիղծներ»- …»։

Հիմա մի փոքր ավելի մանրամասն հիշեցնենք այդ կետերից մի քանիսը, քանզի մեր հիշողությունը վաղուց արդեն այնքան է ծանրաբեռնված փաշինյանական իշխանությունների շիզոֆրենիկ հայտարարություններով ու գործողություններով, որ նույնիսկ անցած տարի ասվածն ու արվածն արդեն բավական մոռացվել են։

2025 թվականի մայիսի 29-ին Փաշինյանը կառավարության նիստում ասաց. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են»: Պետության առաջին դեմքի «պաշտոնապես ասածի» ոչ մի ապացույց չներկայացվեց ո՛չ իր, ո՛չ էլ իր թիմակիցների կողմից։

10 օր անց՝ հունիսի 9-ին, նա գրեց իր ֆեյսբուքյան էջում. «Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ»։

Գոյություն ունեցող ոչ մի ձևաչափով այդ պնդումը չապացուցվեց։ Ավելին, իշխանությունները շատ շուտով հաջողությամբ «մոռացան» իրենց պարագլխի «սենսացիոն» հաղորդագրությունն ու անցան այլ «փաստերի»։

 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Փաշինյանը մեղադրեց Կաթողիկոսի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին «ԿԳԲ»-ի օգտին աշխատելու մեջ ։ Ընդ որում ՔՊ-ի լրատվական աղբանոցներից մեկը ներկայացրեց անշնորհք սարքած ինչ-որ «փաստաթուղթ», որի կեղծ լինելն ակներև էր անզեն աչքով։

Դեկտեմբերի 3-ին Փաշինյանը հայտարարեց, թե «ինձ պետք չէ անձամբ ինձ ենթարկվող Կաթողիկոս, բայց պետք է մեկը, ով չի ենթարկվում օտարերկրյա հետախուզության ավագ լեյտենանտին և ամենօրյա ռեժիմով չի զեկուցում օտարերկրյա լեյտենանտներին»: Մեկ օր առաջ էլ հայտարարել էր, թե «Հայ եկեղեցու դրսից ղեկավարվելու փաստն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ուսումնասիրության կարիք չունի»։ Կրկին առանց գեթ մեկ փաստի և ապացույցի։

Մոտավորապես հունվարի սկզբին փաշինյանական ծառայանին նորից սկսեց շրջանառել Սուրբ Գեղարդի «վաճառքի (վնասման)» թեման։ Հիշեցնենք, որ նման հայտարարություններ տեղեկատվական դաշտում առաջին անգամ հայտնվեցին «հեղափոխականների» կողմից իշխանության զավթմանը հաջորդած առաջին ամիսներին։ 2018-ի հուլիսին Կաթողիկոսի հրաժարականը պահանջող, այսպես կոչված, «նախաձեռնության» անդամները ներխուժեցին Գարեգին Բ-ի նստավայր, իբր «Գեղարդի անվնաս լինելը ստուգելու» նպատակով։

Այսօրվա իրադարձությունների լույսի ներքո ոչ ոք արդեն կասկած չունի, թե կոնկրետ ով և ինչի համար էր ստեղծել այդ «նախաձեռնությունը»…

Արդեն այս փետրվարին ի հայտ եկան մյուս անհեթեթ մեղադրանքները, ընդ որում դրանցից մեկը հանձնարարեցին հնչեցնել սկանդալային հայտնի կարգալույծ Արման Սարոյանին։ Վերջինս հայտարարեց, թե 2018 (!!!) թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «անվանափոխել է» Հայ Առաքելական եկեղեցին ուղղափառի՝ հաստատելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կանոնադրությունը, որում պաշտոնապես ամրագրված է «Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի» անվանումը ։ Եվ դրանով իսկ «գաղտնի միացրել կամ միաձուլել է» Հայ Եկեղեցին Ռուս Ուղղափառ Եկեղեցուն։

Նման պնդման անգրագիտությունը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի, և առհասարակ դա անմիջապես հերքվեց մասնագետների կողմից ։

ՄՅՈՒՍ 4 ԿԵՏԵՐԸ՝ «ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ», «ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ» և «մանկապիղծ քահանաների» մասին, վերաբերում են բառացիորեն վերջին օրերի իրադարձություններին և, հետևաբար, դեռ թարմ են հիշողության մեջ։ Պետք է լոկ ընդգծել, որ վերջին հայտարարությունն արեց Ալեն Սիմոնյանը, և կրկին իսկ՝ մերկախոս: Եվ, չնայած ողջ լրջությանը, չհանգեցրեց իրավապահների որևէ գործողության։

Արձանագրենք. 7 ամիսների ընթացքում Կաթողիկոսի ու Եկեղեցու հասցեին հնչեցրած շատ լուրջ մեղադրանքներից ոչ մեկի վերաբերյալ չի ներկայացվել ոչ մի փաստ-ապացույց ։ Այդ ամենը բացարձակ և լկտի սուտ է, ինչը գերազանց գիտեն նաև իշխանական հանցախմբի անդամները։

Այլապես Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովին Գարեգին Բ Կաթողիկոսի մասնակցությունը թույլ չտալու մոլագար ձգտման մեջ նրանք վերջին ծղոտի պես չէին կառչի Արման Սարոյանի կարգալուծման ողորմելի գործին։ Եթե թեկուզ մեկ փաստ ունենային ստի իրենց 10 կետերից որևէ մեկի վերաբերյալ, ապա շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ մեղադրանք կներկայացնեին, և արած կլինեին դա շատ վաղուց։

Եվ վերջում՝ հարց Արթուր Հովհաննիսյանին. ուրեմն ե՞րբ է գալու ձեր ունեցած տեղեկությունները հրապարակելու «հարկ եղած ժամանակը», որպեսզի իրավապահները միջոցներ ձեռնարկեն: Թե՞ դա դառնալու է 11-րդ ստահոդ կետը «Նիկոլի 10 պատվիրաններում»։