Логотип

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա հոգևորականների ուղեկցությամբ աղոթք հնչեցրեց հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի գերեզմանին, ինչպես նաև «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ։ Լրագրողների բազմաթիվ հարցումներին վեհափառը հայրապետը չցանկացավ պատասխանել՝ շեշտելով, որ այսօր պատեհ օր չէ։

«Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները հնարավորություն ունեք այլ առիթներով հղելու։ Աստված օրհնի ձեզ»,- ասաց վեհափառ հայրապետը։

Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:

1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:

Sputnik Արմենիա