Արցախյան պատերազմների մի խումբ մասնակիցներ ի նշան բողոքի այսօր կառավարության աստիճանների վրա դրեցին իրենց ստացած պետական շքանշանները։
«Չենք կարող այս շքանշաններն այլևս կրել, երբ ամեն գաղափար, զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, ասում են՝ չի եղել, սխալմունք է եղել»,- ասաց նախաձեռնության մասնակիցներից մեկը` Հովսեփ Ղազարյանը։
Նախաձեռնության հեղինակ Արման Պետրոսյանը, որը 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել իր կատարած սխրանքների համար, հերթով վերադարձրեց դրանք՝ նշելով, որ իր այս քայլով ընդվզում է «ինքնությունը քայքայող համակարգի» դեմ։
«Այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային և ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումն իրենց կողմից»,- ասաց Պետրոսյանը։
Շեշտեց՝ թեպետ շքանշանները ստացել է Հայաստանի և Արցախի տարբեր գերատեսչությունների կողմից, սակայն իրավիճակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է և վարչապետը, դրա համար էլ իրենց շքանշանները հենց կառավարության աստիճաններին են թողնում։
Պետրոսյանն ասաց` իր և ընկերների հետ պայքարելու են հային ու Հայաստանին արժանապատվությունն ու պայքարելու ոգին վերադարձնելու համար։
Ակցիայի մասնակիցներից Հայկ Նավասարդյանն էլ հավելեց՝ այս քայլով իր մարտական ընկերների հետ միասին ցույց է տալիս, որ իրենք հաշտ չեն այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։
Ակցիայի մասնակիցները շեշտեցին՝ պատերազմ չեն ուզում, խաղաղության գինը բոլորից լավ իրենք գիտեն, բայց խաղաղության հասնելու այլ ճանապարհ կա՝ ոչ թե ինքնությունից հրաժարվել, այլ ստեղծել ամուր տնտեսություն և հզոր բանակ։