Логотип

ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵԾ «ԲՈԼՈԼԱՅԻ» ՀԱՄԱՐ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս առանձնակի երջանիկ տեսք ուներ։ Չէ, բնավ ոչ Վրաստան կատարած այցից։ Ոչ էլ դրան հաջորդած ուղևորությունից Թուրքիա։ Եվ նույնիսկ ոչ այն բանից, որ Ալիևը մեծահոգաբար թույլ տվեց, որ ղազախստանյան հացահատիկն Ադրբեջանի տարածքով գա Հայաստան։

ՆԻԿՈԼԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ ԻՐ ԻՍԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ, որ առաջիկա կիրակի օրը մասնակցելու է «պատարագի», որը Հովհաննավանքում մտադիր է անցկացնել եկեղեցու արդեն նախկին քահանա, կարգալույծ արված Արամը՝ Ստեփան Ասատրյան աշխարհիկ անունով։ Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ծիսակատարություն կամ ծառայություն կատարելու իրավունք չունեցող քաղաքացիական անձը։

Փաշինյանը հասկանում է, որ դա իրավիճակ չի փոխում (անկախ նրանից՝ աջակցում է նախկին քահանային, թե ոչ). ՀԱԵ-ն առանձին ինստիտուտ է, որը գործում է իր կանոններով, և Փաշինյանը չէ, որ պիտի փոխի դրանք։ Ավելին, ի տարբերություն այլ ինստիտուտների՝ քաղաքական և հասարակական, ՀԱԵ-ի ներքին կանոնները շատ ավելի պաշտպանված են, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ուղղակիորեն արգելում է պետությանը միջամտել եկեղեցական գործերին: Այս ամենը Փաշինյանը գիտի, ինչպեսև այն, որ կարգալույծ արվելուց հետո Ասատրյանի անցկացրած եկեղեցական բոլոր ծեսերն անվավեր են։

Կարծում ենք, այստեղ խնդիրը ոչ այնքան Փաշինյանի սանձազերծված արշավն է ընդդեմ ՀԱԵ-ի, նրա ղեկավարի և եպիսկոպոսների, որքան վարչապետի բնավորությունը։ Նրա համար կարևոր չէ, թե ինչն է ճշմարտություն, ինչը՝ ոչ, ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և ոչ էլ նույնիսկ այն, թե ինչն է իրեն ձեռնտու կամ ոչ ձեռնտու, այլ որ լինի մեծ աղմուկ, խառնակ վիճակ կամ, սիթքոմների ժամանակակից ժարգոնով ասած՝ մեծ «բոլոլա»… Այդպիսի իրավիճակներում վարչապետն իրեն զգում է իր տարերքի մեջ։

Փաշինյանի համար սա ամենամեծ կայֆն է, ուստի նա չէր կարող բաց թողնել նման առիթը։ Մանավանդ որ հենց ինքն է սադրել իրավիճակը. երևի կրկնակի երջանիկ է, որ գտնվեց մի քահանա, որին հաջողվեց շեղել ճշմարիտ ուղուց ու դրդել հայտարարելու, թե 2021-ի սկզբի հանրահավաքներին իրեն պարտադրել են մասնակցել եկեղեցական հիերարխները։ Թեև այդ օրերին սոցցանցերում այժմ արդեն նախկին քահանայի գրառումներն ավելի շուտ հակառակն են վկայում. որ հանրահավաքներին մասնակցությունը նրա քաղաքացիական դիրքորոշման տրամաբանական դրսևորումն էր։

Այլ բան է, որ հետո նա սերտ շփվել է Փաշինյան ընտանիքի հետ, մասնավորապես՝ կատարել է վարչապետի նստավայրի օծման արարողությունը Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ. վերջինս այցելում էր Հովհաննավանք: Պետք է ենթադրել, որ ինչ-որ մի պահ այդ արդեն նախկին քահանան ըմբռնումով է մոտեցել ընդդիմախոսների «անարդարացիորեն» նեղացրած ընտանիքին, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա քայլերը։ Շատերն այսօր Հուդա են անվանում Ստեփան Ասատրյանին։

Ինչևէ… Հասկանալի է, որ հիմա վարչապետի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական թիմերն աշխատելու են Փաշինյանի մասնակցությամբ առաջիկա «պատարագի» համար հոծազանգված ապահովելու ուղղությամբ։ Մենք գրում ենք չակերտներում, քանզի, ինչպես արդեն ասացինք, ծառայությունն անվավեր է, եթե այն իրականացվում է եկեղեցական կանոնների խախտումով:

Թեև զարմանալի բան էլ առանձնապես չկա, եթե հիշենք, որ մի քանի օր առաջ Փաշինյանը Վատիկան կատարած այցի ժամանակ հաղորդություն ընդունեց Հռոմի կաթոլիկ եկեղեցում։ Նույն այն Փաշինյանը, որն իրեն ներկայացնում է իբրև եկեղեցական կանոնների գիտակ, բայց տեղյակ չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցու զավակը չի կարող Սուրբ Հաղորդություն ընդունել կաթոլիկ եկեղեցում, քանի որ դրանով հաստատում է իր պատկանելությունն ու հավատարմությունը հենց այդ եկեղեցուն…