Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:
2006Թ–ԻՑ ԼՈՆԴՈՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։
LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին՝ շուկաների փակումից հետո: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026թ. մարտի 23-ին։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) և այլն: Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ):
ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ բանկը ևս մեկ քայլ է կատարել Հայաստանի բանկային համակարգն ու տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ ներկայացնելու և Հայաստանը միջազգային քարտեզի վրա դիրքավորելու ուղղությամբ:
«Հատկապես ֆինանսական համակարգի համար դա շատ կարևոր է, որովհետև ֆինանսական համակարգը և ֆինանսական բիզնեսն ինքնին գլոբալ բիզնես է, այսինքն, երբ որ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մի երկիր մուտք գործել որպես ներդրող, նա միշտ նայում է, թե այդ երկրի կառույցները, հիմնական ֆինանսական ինստիտուտները ինչպիսին են»,-ասել է նա։
Նրա խոսքով, այս տեսանկյունից առավել քան ակնհայտ է, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու ՀՀ-ի վրա։
«Փաստացի տեղի է ունենալու այն, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա Հայաստանում թե՛ ֆինանսական համակարգում, թե՛ իրական հատվածում ներդրում անել, կտեսնի, որ ունենք ընկերություն, որը, ըստ էության գլոբալ է»,-ասել է նա՝ հավելելով, որ արդեն դա շատ դժվար է թերագնահատել որպես կարևոր քայլ մեր տնտեսության համար։
ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծել է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:
«Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները»,-ասել է նա՝ ընդգծելով, որ, ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։
Գլխավոր տնօրենի խոսքով, այս հաջողությունը հաստատում է «Ամերիաբանկ»-ի զարգացման ռազմավարության կենսունակությունը, որը հիմնված է հաճախորդակենտրոն մոտեցման և թվայնացման ժամանակակից լուծումների ներդրման վրա։
«Այս կարևոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև հաճախորդներին ու գործընկերներին` վստահության և համագործակցության համար»,- ասել է նա։
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է, որ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների ցանկում ընդգրկվելը մեծացնում է ինչպես Ամերիաբանկի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տեսանելիությունն ու գրավչությունը միջազգային շուկաներում։
«Սրա արդյունքում ավելանալու է խմբի բաժնետոմսերի կայունությունը և շրջանառության խորությունը, ինչը, բնականաբար, չի կարող դրական չազդել թե՛ գնի դինամիկայի, թե՛ ֆինանսական գործիքների հասանելիության վրա»,-ասել է նա։
Թորոյանի խոսքով, անուղղակիորեն Լոնդոնում ցուցակված լինելու հանգամանքը արդեն իսկ վկայում է Ամերիաբանկի ռիսկերի կառավարման համակարգի, կորպորատիվ կառավարման համակարգի, թափանցիկության, շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման համակարգերի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին։
«Դա, բնականաբար, նաև արտացոլվել է այն փաստով, որ վերջին 24 ամիսների ընթացքում խմբի բաժնետոմսերի գինն ավելացել է ավելի քան երկու ամբողջ վեց անգամ»,-հավելել է նա։
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԺԵՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն նշեց, որ FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը թիմերի հետևողական աշխատանքի միջոցով ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչում է։
«Այս նվաճումն ընդգծում է Lion Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը թե’ հայկական, թե’ վրացական շուկաներում։ Ես կարծում եմ, որ այս ձեռքբերումը կամրապնդի միջազգային ներդրողների հետաքրքրությունը խմբի նկատմամբ և կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որոնց պրոֆեսիոնալիզմը և համատեղ ջանքերը հնարավոր դարձրին մեր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում», – ասաց նա։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը վստահ է, որ Lion Finance Group-ի FTSE 100-ում ընդգրկվելը շատ կարևոր ֆինանսական նորություն է տարածաշրջանի համար՝ ընդգծելով, որ սա առաջին դեպքն է, երբ տարածաշրջանում գործող կազմակերպությունն ընդգրկվել է այս ցուցակում։
Նա բացատրել է, որ FTSE 100-ը Financial Times-ի կողմից հրապարակված Լոնդոնի ֆոնդային բորսայում շուկայական կապիտալիզացիայի 100 խոշորագույն կազմակերպությունների ինդեքս է, որոնց շարժընթացները պարբերաբար վերահսկվում են ֆինանսական ոլորտի մասնագետների կողմից։
«Հայաստանի տեղը ոչ բոլորը գիտեն։ Սա այն եզակի հնարավորություններից մեկն է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում իմանան նաև Հայաստանի գոյության մասին՝ ի դեմս Ամերիաբանկի և Lion Finance Group-ի»,-հավելել է Ֆանյանը։
ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով, այս միջոցառումը Հայաստանի ֆինանսական համակարգի, նրա բանկային համակարգի համար միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում հայտնվելու հնարավորություն է։
«Լոնդոնի ֆոնդային բորսայի կողմից սահմանված կորպորատիվ կառավարման պահանջները չափազանց խիստ են և, Ամերիաբանկը, բավարարելով գործող օրենսդրության պահանջները, նաև բավարարել է այդ խիստ պահանջներին կորպորատիվ կառավարման և թափանցիկության միջազգային ստանդարտներին, ինչը նաև ի հերթին նոր նշաձող է սահմանում հայաստանյան ֆինանսական շուկայի մասնակիցների համար»,-ասել է նա։
Ազատյանի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի ցուցակի առաջին 100 կազմակերպություններին ուշադրություն դարձնող միջազգային ներդրողները կարող են նոր հնարավորություններ ունենալ ուսումնասիրելու Հայաստանի տնտեսությունը, ֆինանսական համակարգը և առկա պոտենցիալը, որը կարող է նաև իրացվել միջազգային շուկաներում։
«Այս փաստի առումով հնարավոր կլինի նշել ուշադրություն հրավիրել ամբողջ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա»,-ընդգծել է նա։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
