Логотип

Ամերիկացիների միայն 36 տոկոսն Է հավանություն տալիս Թրամփի աշխատանքին․ Reuters/Ipsos-ի հարցում

Երկուշաբթի՝ մարտի 23-ին ավարտված քառօրյա հարցման տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 36%-ը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, սա անկում է նախորդ շաբաթ Reuters/Ipsos-ի անցկացրած հարցման համեմատ, երբ այդ ցուցանիշը 40% էր։

Ամերիկացիների վերաբերմունքը Թրամփի նկատմամբ զգալիորեն վատթարացել է հատկապես տնտեսության կառավարման և կենսամակարդակի անկման պատճառով։ Բենզինի գներն էլ ավելի կտրուկ են աճել այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համակարգված հարվածներ են հասցրել Իրանին։

Հարցվածների միայն 25%-ն է հավանություն տվել կենսապահովման նվազագույն զամբյուղի թանկացման վերաբերյալ Թրամփի որոշմանը. մի հարց, որն առանցքային է եղել նրա 2024 թվականի նախընտրական քարոզարշավում։ Թրամփի տնտեսական քաղաքականությանը կողմ է արտահայտվել բնակչության միայն 29%-ը, ինչը նրա նախագահության ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է և նույնիսկ զիջում է իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի տնտեսական վարկանիշին։ Տնտեսության վիճակի և, մասնավորապես, կյանքի թանկացման վերաբերյալ ընտրողների մտահոգությունները Բայդենի պարտության հիմնական գործոններից են, իսկ Թրամփը քարոզարշավի ժամանակ խոստացել է ստեղծել դինամիկ զարգացող տնտեսություն։ Ըստ վերլուծաբանների՝ այս հարցումը փաստում է, որ նախագահն այժմ բախվում է հանրային լուրջ ընդդիմության։

Հանրապետական կուսակցության ներսում Թրամփի դիրքերը հիմնականում ամուր են մնում։ Միայն յուրաքանչյուր հինգերորդ հանրապետականն է նշել, որ դժգոհ է Սպիտակ տանը նրա իրականացրած ընդհանուր աշխատանքից (նախորդ շաբաթվա «յուրաքանչյուր յոթերորդի» փոխարեն)։ Սակայն այն հանրապետականների թիվը, որոնք դեմ են կյանքի թանկացման վերաբերյալ նրա որոշմանը, 27%-ից աճել է մինչև 34%։ Իր նախագահության առաջին օրերին Թրամփի վարկանիշը 47% էր, իսկ անցյալ ամռանից ի վեր հիմնականում տատանվում էր 40%-ի սահմաններում։

Այնուամենայնիվ, այս ցուցանիշը դեռևս բարձր է նրա առաջին նախագահության ժամանակ գրանցված նվազագույն շեմից (33%) և փոքր-ինչ գերազանցում է Բայդենի հակառեկորդը (35%)։ Իրանական պատերազմը կարող է վճռորոշ լինել նախագահի համար, ով պաշտոնը ստանձնելիս խոստացել էր խուսափել «հիմար պատերազմներից»։

Հարցման համաձայն՝ ամերիկացիների միայն 35%-ն է հավանություն տալիս Իրանին հասցված հարվածներին (նախորդ շաբաթվա 37%-ի փոխարեն)։ Հարցվածների մոտ 61%-ը դեմ է արտահայտվել այդ հարվածներին՝ նախորդ շաբաթվա 59%-ի համեմատ։

Ամբողջ երկրի տարածքում առցանց անցկացված հարցմանը մասնակցել է ԱՄՆ 1272 չափահաս քաղաքացի։ Հարցման վիճակագրական սխալը կազմում է 3 տոկոսային կետ։

News.am