Логотип

Ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան հետաձգվել է Իրանի դեմ պատերազմի պատճառով

Երևանյան աղբյուրները հայտնել են, որ TRIPP նախագծի շրջանակում տարածքի ուսումնասիրման նպատակով ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը հետաձգվել է՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Foreign Policy»-ն։

«Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը։

Նախորդ տարի Թրամփին հաջողվեց նոր թափ հաղորդել երկարամյա հակառակորդների միջև խաղաղության գործընթացին և հասնել դիվանագիտական մեծ առաջընթացի։ Թրամփի կողմից խաղաղության հաստատմանն ուղղված և լայնորեն գովազդվող համաշխարհային ջանքերի ֆոնին սա իրական հաղթանակ էր։

Սակայն այժմ Իրանում Թրամփի սկսած պատերազմի հետևանքները սպառնում են տապալել Կովկասում նրա ձեռքբերումները։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի վստահված անձանց նեղ շրջանակն այլևս չի կենտրոնանում այս տարածաշրջանի վրա։ Նույնիսկ հայտարարված հրադադարի պայմաններում Սպիտակ տունը դեռ որոշ ժամանակ կենտրոնացած է մնալու Իրանի վրա։ Արդյունքում՝ Կովկասում խաղաղության հասնելու թափը կարող է կորսվել։

Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր մի լուծում, ըստ որի՝ TRIPP նախագծի շրջանակում հայ պաշտոնյաները կպահպանեն սահմանի նկատմամբ իրավական վերահսկողությունը, սակայն ստուգումները կիրականացնեն երրորդ երկիր ներկայացնող մասնավոր ընկերության աշխատակիցները։ Իսկ երթուղու սպասարկումը կիրականացվի հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության կողմից։

Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովից հետո երկու կողմերն էլ սկսեցին արագ քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Ադրբեջանական վերլուծական կենտրոնների փորձագետները սկսեցին այցելել Հայաստան և հակառակը։ Ադրբեջանն առաջին անգամ սկսեց վառելիք վաճառել Հայաստանին և թույլատրեց Ռուսաստանից ու Ղազախստանից եկող հացահատիկի տարանցումն իր տարածքով դեպի Հայաստան։

Փետրվարի սկզբին փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ ի ցույց դնելով TRIPP նախագիծն իրականացնելու ԱՄՆ-ի վճռականությունը։

TRIPP նախագիծը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հարավային սահմանի երկայնքով՝ Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։ Այն ընկերությունները, որոնց ԱՄՆ-ը հույս ուներ ներգրավել այս երթուղու կառուցման և շահագործման գործում, անկասկած, վերանայում են իրենց պոտենցիալ ներդրումների անվտանգությանն առնչվող ռիսկերը։

Բացի այդ, թե՛ Երևանի, թե՛ Բաքվի պաշտոնական շրջանակները մտահոգություն են հայտնել, որ պատերազմը կշեղի ԱՄՆ-ի ուշադրությունը TRIPP նախագծից։

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դեռևս պետք է համաձայնության գան երթուղու շահագործումը իրականացնող ընկերության ստեղծման շուրջ։ Գործընթացը համակարգում է Թրամփի խորհրդական Սթիվ Ուիթքոֆի գլխավորած փոքրաթիվ թիմը, որն այս օրերին առանց այդ էլ զբաղված է Իրանի խնդիրներով։

Ավելի լայն համատեքստում՝ պատերազմը կարող է այնպես փոխել ԱՄՆ առաջնահերթությունները Կովկասում, որ խաղաղության հաստատումը դառնա չափազանց բարդ խնդիր։ Իր ներկայիս տեսքով TRIPP նախագիծն իրականում ձեռնտու է Իրանին, քանի որ վերականգնում է դեռ խորհրդային տարիներից մնացած երկաթուղային կապերը։ Նախագիծը հատկապես մեծ օգուտներ է խոստանում Հայաստանին՝ Իրանի կարևորագույն առևտրային և անվտանգային գործընկերոջը։ Սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք Վաշինգտոնը կպահպանի այս նախագծի հանդեպ ունեցած իր հետաքրքրությունը։ Իսկ ի՞նչ, եթե Թրամփն արդեն իսկ կորցրել է դրա նկատմամբ իր հետաքրքրությունը։

Միացյալ Նահանգների ներգրավվածությունը վերջին ամիսների ընթացքում զգալի առաջընթաց է ապահովել։ Այս գործոնի թուլացումն իսկական փորձություն կդառնա խաղաղության գործընթացի համար»,— գրում է պարբերականը։

News.am