ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանում իր աշխատանքը կավարտի 2026 թ. հունվարի կեսին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել ղեկավար պաշտոն զբաղեցնող գրեթե 30 դիվանագետի:
«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում»,– ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,– ընդգծել է դեսպանությունը։
Հիշեցնենք` դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թ․ փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։ Մինչ Հայաստան ժամանելը նա եղել է (2020-2022թթ.) ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։ Քվինի նախորդ գործընկերը` Լին Թրեյսին, ՀՀ–ում պաշտոնավարեց 2019–2022 թթ.։
Sputnik Արմենիա
