ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից Օման կտեղափոխվեն, հայտնում է «Axios»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իրանը պահանջել է փոխել փետրվարի 6–ին կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը և ձևաչափը։ Թեհրանը ցանկանում է անցկացնել դրանք երկկողմ ձևաչափով` միայն ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե որպես դիտորդ մի քանի արաբական և մուսուլմանական երկրների մասնակցությամբ։
Իրավիճակին քաջածանոթ աղբյուրը հայտնել է, որ դա պայմանավորված է իրանցիների ցանկությամբ` բանակցությունները միջուկային հարցերով սահմանափակելու և չքննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են հրթիռային ծրագիրը և պրոքսի-խմբավորումները, որոնք առաջնահերթ են տարածաշրջանի մյուս երկրների համար։
Պարբերականի համաձայն՝ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին։ Տարածաշրջանի մյուս երկրների` Օմանում կայանալիք բանակցություններին մասնակցելը–չմասնակցելու հարցը շարունակվում է քննարկվել։
Ակնկալվում է, որ բանակցային խմբերը կգլխավորեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ուիտկոֆը և Արաղչին բանակցությունները կանցկացնեն Ստամբուլում։
Sputnik Արմենիա
