Логотип

ԱՄՆ-ի դաշնակիցները հրաժարվում են մասնակցել Հորմուզի նեղուցի շրջափակմանը

Հորմուզի նեղուցի շրջափակման մասին Թրամփի հայտարարությունը հակասական արձագանքներ է ստացել Վաշինգտոնի դաշնակիցների կողմից։

Ավստրալիան հայտարարել է, որ գործողությանը մասնակցելու որևէ հարցում չի ստացել։ «Նրանք այդ հայտարարությունն արել են միակողմանիորեն։ Մեզ չեն խնդրել մասնակցել», — ասել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը «հսկայական համաշխարհային տնտեսական ազդեցություն» է թողնում բոլոր երկրների վրա՝ առանց բացառության։

Մեծ Բրիտանիան նույնպես հրաժարվել է մասնակցել շրջափակմանը. բրիտանական ռազմական նավերն ու զինվորները չեն ներգրավվի իրանական նավահանգիստների արգելափակման գործողություններում։ Միևնույն ժամանակ, Լոնդոնն ավելի քան 40 երկրներից բաղկացած կոալիցիա է հավաքում՝ նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու նպատակով։ Լոնդոնը նաև դատապարտել է նեղուցով անցնող տանկերներից 2 միլիոն դոլարի չափով տարանցիկ տուրք գանձելու Իրանի գործելաոճը։

Իսպանիան զբաղեցրել է ամենախիստ դիրքորոշումը. ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսն ուղղակիորեն հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն չի մասնակցի այս պատերազմին»՝ Հորմուզի նեղուցով անցման ապահովումն անվանելով դաշինքի մանդատի շրջանակներից դուրս հարց։ Սա փաստացի արգելափակում է ՆԱՏՕ-ի պաշտոնական առաքելություն ստեղծելու հնարավորությունը, որի համար պահանջվում է բոլոր 32 անդամների համաձայնությունը (կոնսենսուսը)։

Ճապոնիան զուսպ դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, որ «ուշադիր հետևում է» իրադարձությունների զարգացմանը։ Տոկիոն այս հարցում չափազանց խոցելի է, քանի որ երկիր ներկրվող նավթի 93%-ը ստանում է հենց Հորմուզի նեղուցով։ Դոնալդ Թրամփը հրապարակավ կշտամբել է Ճապոնիային և Հարավային Կորեային՝ օգնությունից հրաժարվելու համար՝ ընդգծելով, որ ամերիկյան զորքեր են գտնվում այդ երկրների տարածքում։ Ճապոնացի պաշտոնյաները հնարավոր են համարել ականազերծող նավեր ուղարկելու տարբերակը, սակայն շեշտել են, որ դա կարող է տեղի ունենալ միայն կրակի լիակատար դադարեցումից հետո։

News.am