Логотип

ԱՄՆ-ն հայտարարել է Կալիֆոռնիայում գործող «հայկական բանդաների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են ողջ Կալիֆոռնիայում նպաստների հետ կապված խարդախության լայնածավալ հետաքննության մասին՝ վկայակոչելով «օտարերկրյա սուբյեկտների» կողմից իրականացվող համակարգված ջանքերը, որոնց նպատակն է միլիարդավոր դոլարներ կորզել պետական առողջապահական համակարգից, հայտնում է LA Times-ը:

Ստուգումները, ըստ երևույթին, ուղղված են հոսպիսային ծառայությունների կեղծ մատակարարների դեմ, որոնց առաջին անգամ հայտնաբերել էր Times-ը 2020 թվականին, իսկ ավելի ուշ հետաքննել էր Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան:

«Տնային պայմաններում բժշկական սպասարկման հաշիվների 18 տոկոսն ամբողջ երկրում բաժին է ընկնում Լոս Անջելեսի շրջանին. ինչպե՞ս է դա հնարավոր»,- ասել է Medicare և Medicaid Services կենտրոնների ադմինիստրատոր, դոկտոր Մեհմեդ Օզը: «Միայն Լոս Անջելեսի շրջանում հոսպիսների և տնային բժշկական սպասարկման վրա ծախսվում է մոտ 3,5 միլիարդ դոլար»,- հավելել է նա:

Ավելի վաղ Վաշինգտոնը սառեցրել էր 10 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Կոլորադոյում, Իլինոյսում և Մինեսոտայում երեխաների խնամքի համար՝ «հարկատուների փողերի համատարած խարդախության և ոչ նպատակային օգտագործման հետ կապված լուրջ մտահոգությունների» պատճառով:

«Այն, ինչ տեղի է ունենում Մինեսոտայում, խամրում է Կալիֆոռնիայի խարդախության մակարդակի համեմատ»,- ասել է Լոս Անջելեսի գլխավոր դաշնային դատախազ Բիլ Էսեյլին՝ նկատի ունենալով նախորդ տարվա վերջին նահանգի սոմալիական համայնքում նպաստների հետ կապված սկանդալը:

Ուրբաթ ներկայացված հայցում նահանգների գլխավոր դատախազները երեխաների խնամքի հիմնադրամի ֆինանսավորման սառեցումն անվանել են բացահայտ քաղաքական՝ հայտարարելով, որ վարչակազմն օգտագործել է խարդախության մեղադրանքները ներգաղթյալներին սոցիալական պաշտպանության համակարգի բացերի համար մեղադրելու և քաղաքական մրցակիցներին կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ Օզը և Էսեյլին լրագրողներին պատմել են, որ «օտարերկրյա ազդեցությունը» դատարկում է պետական առողջապահական ծրագրերը՝ բժշկական օգնությունն անհասանելի դարձնելով ամերիկացիների համար, մինչդեռ Կալիֆոռնիայի առաջնորդները աչք են փակում դրա վրա:

«Այս ջանքերից շատերում ներգրավված են ռուսական, հայկական բանդաներ, մաֆիա,- ասել է Օզը:- Այս նախագահը չի հանդուրժի, որ ամերիկացիները ենթարկվեն օտարերկրյա ազդեցության»:

Էսեյլին, իր հերթին, մեղքը բարդել է նահանգապետ Գևին Նյուսոմի վրա:

«Կարծում եմ՝ նա թույլ է տվել ավելի շատ խարդախություն, քան մենք երբևէ տեսել ենք ամերիկյան պատմության մեջ,- ասել է Էսեյլին:- Պարզապես նայեք «Կալիֆոռնիա թագավորությունում» կատարված խարդախությունների քանակին: Նա խարդախության թագավորն է»:

Նահանգապետը պատասխան հարված է հասցրել Թրամփի վարչակազմի՝ անօրինականության մասին հռետորաբանությանը հինգշաբթի օրն ունեցած իր ելույթում: Նյուսոմը հայտարարել է, որ երկիրը բախվում է «մեր արժեքների դեմ հարձակման, որի նմանը ես իմ կյանքում երբևէ չեմ տեսել», և վկայակոչել է վիճակագրությունը, որը ցույց է տալիս, որ բռնի հանցագործությունների մակարդակը պատմական նվազագույնի վրա է:

News.am