Քանի դեռ Իրանը համակված է ներքին հուզումներով, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ռազմական հարվածների հնարավորությունը, Միացյալ Նահանգները լուռ, բայց նշանակալիորեն մեծացնում են իրենց փոխգործակցությունը Իրանից հյուսիս գտնվող երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, գրում է Foreign Policy պարբերականը։
Թրամփի վարչակազմն ակտիվորեն ներգրավված է եղել երկու վաղեմի հակառակորդների միջև դիվանագիտական միջնորդության մեջ՝ հիմնվելով միջազգային առևտրի և ենթակառուցվածքների զարգացման միջոցով ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասի տարածաշրջանում տնտեսական կապերն ամրապնդելու ԱՄՆ ջանքերի վրա։ ԱՄՆ-ի այս ջանքերը կարող են վկայել ամբողջ աշխարհում այլ ճգնաժամերի կառավարման, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության նկատմամբ երկրի որդեգրած մոտեցման մասին, կարծում է հոդվածի հեղինակը։
Թեև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող խոշոր ու առավել ակնառու պատերազմների ֆոնին Կովկասի տարածաշրջանը մնում է ստվերում, այն ամենևին էլ օտար չէ ռազմական հակամարտությունների համար։ 1980-ականների վերջից մինչև վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում էին տևական պատերազմական վիճակում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատճառով, հիշեցնում է պարբերականը։
Այժմ լուծարված Մինսկի խմբի (որի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան) միջնորդական անարդյունք փորձերից հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել 2020 թվականին, իսկ այնուհետև կրկնել է դրանք 2023-ին՝ հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա և օկուպացնելով նաև Հայաստանի տարածքները։
Ինչպես ընդգծում է պարբերականը, Ռուսաստանը, որը երկար ժամանակ հանդես էր գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և զորքեր ուներ տարածաշրջանում, չի միջամտել այդ դեպքերին՝ նախ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ պայմանագրային պարտավորությունների բացակայության, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայում իր պատերազմի պատճառով։
Foreign Policy պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումները Բաքվին թույլ տվեցին հասնել նաև իր վաղեմի նպատակներից մեկին՝ վերականգնել կապը Նախիջևանի հետ, որը երկարատև հակամարտության պատճառով կտրված էր հիմնական տարածքից:
«2024 թվականի վերջին Թրամփի վարչակազմի վերադարձը արագացրել է խաղաղ կարգավորման գործընթացը։ Որպես սեփական դիվանագիտական հեղինակությունն ամրապնդելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի մաս, երկու կողմերն էլ ձգտում էին ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը։ Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Փաշինյանը Սպիտակ տանը մասնակցել են հանդիսավոր արարողության, որտեղ ստորագրվել է խաղաղության պայմանագիր: Այն ներառել է համատեղ հայտարարություն այն մասին, որ երկրները շարժվում են դեպի համաձայնագրի վերջնական հաստատում, ինչը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը:
2025 թվականի համաձայնագրի առանցքային տարրը դարձել է խոշոր տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կստանա «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) անվանումը։ ԱՄՆ-ի կողմից աջակցվող այս ենթակառուցվածքային նախագիծը Հայաստանի տարածքով կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ ավտոմոբիլային, երկաթուղային և խողովակաշարային ուղիների միջոցով։ Ըստ հայտարարության՝ ԱՄՆ-ն 99 տարով կստանա այդ տարածքի զարգացման բացառիկ իրավունքներ, իսկ վերջին քննարկումները վերաբերել են նաև TRIPP-ի զարգացման ընկերությունում ԱՄՆ-ի 74 տոկոս բաժնեմասին, ընդ որում՝ Հայաստանը կպահպանի մնացած մասնաբաժինը:
Թեև տարածքը համեմատաբար փոքր է՝ ընդամենը 26 մղոն (42 կմ), դրա նշանակությունը տարածաշրջանային կապի տեսանկյունից կարող է հսկայական լինել: Կովկասյան տարածաշրջանը հարուստ է էներգետիկ պաշարներով, ինչպիսիք են նավթը և բնական գազը (ինչպես նաև Կենտրոնական Ասիան՝ Կասպից ծովով), և հանդիսանում է կարևոր տարանցիկ հանգույց: Ադրբեջանն արդեն իսկ արտահանում է նավթ և գազ դեպի Թուրքիա, ապա՝ Եվրոպա՝ ապահովելով եվրոպական էներգետիկ կախվածության դիվերսիֆիկացումը Ռուսաստանից: Միջանցքը կարող է նաև ավելի կարճ երթուղի տրամադրել, ինչի շնորհիվ կարելի է Կենտրոնական Ասիայից կրիտիկական նշանակություն ունեցող պաշարներ, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների տեղափոխել դեպի արևմտյան շուկաներ:
Չինաստանը նույնպես ձգտում է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում, քանի որ Կովկասը և Կենտրոնական Ասիան հանդիսանում են այսպես կոչված «Միջին միջանցքի» հիմնական հանգույցները, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ»,- նշվում է հոդվածում:
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ կան մի քանի գործոններ, որոնք կարող են բարդացնել Կովկասյան տարաշաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածությունը, հատկապես TRIPP-ի և այլ նախագծերի միջոցով ենթակառուցվածքային կապի ընդլայնման հարցում։
Առաջինն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս պաշտոնապես ավարտված չէ։
Կարևոր իրադարձություն կդառնան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Չնայած հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի կուսակցությունն առաջատար է, սակայն երկրի ներսում և դրանից դուրս կան ընդդիմադիր խմբեր, ինչը ընտրությունները կարևոր փորձություն է դարձնում Փաշինյանի և խաղաղության օրակարգի համար։
Մեկ այլ մարտահրավեր է գալիս արտաքին դերակատարներից։ Ռուսաստանը բացահայտորեն դեմ է Կովկասում Արևելք-Արևմուտք նախագծերին, մասնավորապես նրանց, որոնք նվազեցնում են իր դերը որպես էներգակիրների խոշոր մատակարար և տարանցիկ երկիր, ինչպես նաև այն ծրագրերին, որոնց մասնակցում են արևմտյան պետությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ Հայաստանում և Կովկասում Մոսկվայի ազդեցությունն իսկապես նվազել է, սակայն Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատար մնալ տարածաշրջանում և Ուկրաինայի ու Աֆրիկայի օրինակով ապացուցել է, որ ընդունակ է «շանթարգելի» դեր ստանձնել, եթե գտնոի, որ իր շահերը վտանգված են։ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը, անկասկած, սահմանափակում է Կրեմլի հնարավորությունները, բայց ամբողջությամբ չի վերացնում դրանք։
«Իրանը Ռուսաստանի հետ կիսում է իր բացասական դիրքորոշումը «Արևելք-Արևմուտք» նմանօրինակ նախագծերի նկատմամբ՝ հիմնականում նույն պատճառներով (ինչպես նաև Ադրբեջանի՝ Իսրայելի հետ ունեցած տնտեսական և պաշտպանական կապերի պատճառով), իսկ ԱՄՆ-ի հետ աճող լարվածությունը կարող է անորոշություն ավելացնել։ Եթե Իրանի կառավարությանը հաջողվի դիմակայել ներքին ցնցումներին, դա կարող է ավելի մոտեցնել Թեհրանին և Մոսկվային՝ ամերիկյան ակտիվությանը հակազդելու հարցում։ Սակայն, եթե Իրանի ներքին փոփոխությունները խթանվեն ԱՄՆ-ի ճնշմամբ, դա կարող է նոր թափ հաղորդել TRIPP-ի նման նախաձեռնություններին։
Տարածաշրջանում կան բազմաթիվ խաղացողներ, որոնք ունեն սեփական շահերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու TRIPP-ի առաջմղման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կդառնան եվրասիական աշխարհաքաղաքականության կարևոր լծակ և այլ տարածաշրջաններում գործողությունների պոտենցիալ մոդել»,- ասվում է հոդվածում։
