Հորմուզի նեղուցի շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն, ամենայն հավանականությամբ, հարվածներ չեն հասցնի իրանական նավթային տանկերներին, քանի որ նավթի արտահոսքի պատճառով կարող է լայնամասշտաբ էկոլոգիական աղետ առաջանալ։ Այսպիսի տեսակետ է հայտնում The Guardian-ը՝ հղում անելով փորձագետներին։
Փորձագետների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ նավերին պարզապես կստիպեն փոխել ուղղությունը, իսկ չենթարկվելու դեպքում՝ զինված խմբերը կբարձրանան տախտակամած և ուժով կկասեցնեն դրանց ընթացքը։ Ամերիկյան հրամանատարությունը դեռևս գաղտնի է պահում գործողության մանրամասները. հայտնի չէ, թե քանի նավ կներգրավվի, ինչ դեր կունենա ավիացիան կամ արդյոք տարածաշրջանի դաշնակիցները կմասնակցեն այդ ամենին։
Շրջափակումն սկսվել է երկուշաբթի օրը՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը: Ոչ իրանական նավահանգիստներ ուղևորվող տանկերները խոչընդոտների չեն հանդիպի:
Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դանա Ստրոուլն այս առաքելությունը «դժվար իրագործելի» է համարել միայն սեփական ուժերով իրականացնելու դեպքում՝ հավելելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կենսունակ չի լինի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:
News.am
