ԱՄՆ–ի Յուտա նահանգում համալսարանի տարածքի Utah Valley–ում իր ելույթի ժամանակ սեպտեմբերի 10–ին կրակել են քաղաքական ակտիվիստ և Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա։ Քըրքը վիրավորվել է պարանոցից։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում, իսկ ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քըրքը մահացել է։
Թրամփն իր Truth Social սոցցանցում հայտարարել է, որ հրամայել է չորս օր` մինչև կիրակի երեկո, իջեցնել դրոշները ամբողջ երկրում՝ որպես սգո նշան։
«Մեծ և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք չէր հասկանում և չէր ապրումակցում ԱՄՆ–ում երիտասարդությանը այնպես, ինչպես Չարլին։ Բոլորը սիրում և հիանում էին նրանով, հատկապես ես, իսկ հիմա նա մեզ հետ չէ այլևս։ Մելանյան և ես ցավակցություն ենք հայտնում նրա հրաշալի կնոջը՝ Էրիկային և ընտանիքին։ Չարլի, մենք սիրում ենք քեզ», – գրել է Թրամփը։
31-ամյա Չարլի Քըրքը Թրամփի հայտնի կողմնակիցն էր և փոդքասթի հաղորդավար, նա հիմնադրել էր Turning Point USA ուսանողական միավորումը՝ դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում պահպանողական արժեքները տարածելու համար։
Քըրքի վրա կրակել են 100-200 մետր հեռավորությունից։ Սկզբում տեղական իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են կասկածյալին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կրակողը դեռ ազատության մեջ է։
Sputnik Արմենիա