Логотип

Ամստերդամը ԵՄ-ից պահանջում է կասեցնել արագ արձագանքման թիմի տեղակայումը ՀՀ-ում

Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրամիությունից պահանջել է անհապաղ կասեցնել Հայաստանում Հիբրիդային արագ արձագանքման թիմի (HRRT) տեղակայումը և գործողությունները՝ մինչև դրա նկատմամբ անկախ և թափանցիկ վերահսկողության ապահովումը։

ԵՄ պաշտոնյաներին, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում Ամստերդամը պահանջել է նաև հրապարակել արագ արձագանքման թիմի մանդատը, ինչպես նաև իրականացնել այդ թիմի գործունեության համար նախատեսված 27 մլն եվրոյի ֆինանսավորման ազդեցության անկախ գնահատում և մինչև դրա ավարտը դադարեցնել վճարումները։

Նամակում միջազգային փաստաբանը նշել է, որ Հայաստանում HRRT տեղակայումը դիտարկվում է որպես ուղղակի միջամտություն ներքին քաղաքական գործընթացներին, քանի որ այն ֆինանսավորվում է ԵՄ միջոցներով և գործում է բացառապես իշխանությունների հետ՝ ազդելով նախընտրական տեղեկատվական դաշտի և քաղաքական մրցակցության հավասարակշռության վրա։

«ԵՄ-ն Հայաստանում հանդես չի գալիս որպես ժողովրդավարության չեզոք երաշխավոր, այլ ակտիվ աջակցում է գործող իշխանություններին՝ ձևավորելով նրանց համար նպաստավոր ընտրական միջավայր»,- ընդգծել է Ամստերդամը։

Նամակում պահանջ կա նաև դատապարտել Ընտրական օրենսգրքի՝ ապրիլի 7-ին ընդունված փոփոխությունները, որոնցով արգելում են անձնանունների օգտագործումն ընտրական դաշինքների անվանումներում։ Նրա գնահատմամբ՝ այդ փոփոխությունը նպատակ ունի վերջնականապես խաթարել արդար ընտրությունների անցկացման հիմքերը։

«Սա ընթացակարգային բարեփոխում չէ, այլ օրենսդրական թակարդ՝ հատուկ նախագծված Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ: Միջազգային հանրությունը սա պետք է ճանաչի որպես քաղաքական սաբոտաժ և ազատ ու արդար ընտրությունների վերջնական քանդում»,- նշել է փաստաբանը։

Փաստաբանն անդրադարձել է Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին ևս՝ քննադատելով Եվրոպական միության կողմնակալ դիրքորոշումը։ Նրա պնդմամբ՝ ճնշումների դեպքում ԵՄ-ն պահպանում է լռություն կամ տեղի ունեցողը որակում որպես Հայաստանի «ներքին գործ», ինչը երկակի ստանդարտների դրսևորում է։

«Երբ խոսքը վերաբերում է ընտրական օրակարգը ձևավորելուն, ընտրություններից երեք ամիս առաջ «մոլդովական մոդելն» արտահանելուն, այդ դեպքում Հայաստանը դադարում է լինել ներքին գործ և դառնում է եվրոպական գործ։ Ընդդիմության քրեականացումը Հայաստանի խնդիրն է, իսկ ընդդիմությանը քրեականացնող կառավարության օգտին ընտրություններին միջամտելը՝ եվրոպական նախագիծ»,- շեշտել է փաստաբանը։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա ԵՄ-ն որոշել էր ՀՀ ուղարկել հիբրիդային արագ արձագանքման խումբ։

Armenia Today