Логотип

Ամստերդամը միջազգային կազմակերպություններին զեկույց է ներկայացրել

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույց է ներկայացրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումների վերաբերյալ։

«Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հետապնդումները» զեկույցն ուղղված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Եվրոպայի խորհրդին, ԵՄ ինստիտուտներին և միջազգային կազմակերպություններին։

«Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումներն օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ է, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Փաստաբանը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ և վճռականորեն գնահատել այս վտանգավոր իրավիճակը և պահանջել արդարադատության սկզբունքի վերականգնումը Հայաստանում։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել էր բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Armenia Today