Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը համարում է արդարացված։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը :ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
«Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված և արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները», – ասել է Զախարովան՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Նա ընդգծել է, որ իր աշխատանքի ողջ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը բոլոր ջանքերն է գործադրել՝ լուծելու Ռուսաստանին բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաշտեցման խնդիրը։
«Մինսկի խմբի կողմից կարգավորման սկզբունքների և մեթոդների վերաբերյալ բազմաթիվ մշակումներ այս կամ այն կերպ կիրառվել են տարբեր միջազգային հարթակներում և նպաստել են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը», – ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Sputnik Արմենիա