Արդեն երկրորդն օրն է` Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։
«Իրավապահ մարմինները վերահսկողություն են սահմանել քաղաքապետարանում իրականացվող գործընթացների վրա։ Քաղաքապետի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում։ Ըստ քննիչի` նոր քրեական վարույթի շրջանակում փաստացի նոր գործ են կարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ»,– ասված է հաղորդագրությունում։
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, որ քննիչներն իրենց հետ տանում են առգրավված իրեր, այդ թվում` համակարգիչներ։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։