Օգոստոսի 30-ին իրավաբանության ոլորտում սկանդալային համբավ վայելող գործիչ Կարեն Անդրեասյանը նշանակվեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար: Դա տեղի ունեցավ Փաշինյանի հանրությանը ցնցած այն հայտարարությունից 2 օր անց, թե կառավարությունն ինքն է, ոչ ոք իրավունք չունի իր կարծիքից տարբերվող տեսակետ ունենալ, և որ եթե այդպիսիք կան, ապա պետք է հեռանան, կամ ինքը կհեռացնի նրանց աշխատանքից։ Հենց հաջորդ օրը պաշտոնանկ արվեց գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, իսկ մեկ օր անց նշանակվեց Անդրեասյանը։
ԴՐՄԵՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ավելի վաղ նրա արտահայտած կարծիքն էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում պետական կառավարումը դադարեցնելու մասին Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր է կատարման համար: Նման «համարձակության» դիմաց նա հատուցեց պաշտոնով, որը զբաղեցնում էր ընդամենը մի քանի ամիս՝ Եղիշե Կիրակոսյանի հեռանալուց հետո։
Կիրակոսյանը, ըստ էության, հիմնել էր գրասենյակը և շուրջ 6 տարի ղեկավարել Ադրբեջանի դեմ Հայաստանի միջպետական դատական հայցերի հետ կապված բոլոր աշխատանքները: Նա պաշտոնը լքեց այս տարվա մարտին, թեև հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին գրեթե մեկ տարի շարունակ, այն պահից ի վեր, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը հաստատ մտադիր է կատարել Ալիևի առանցքային պահանջներից մեկը՝ հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը։
Ինչպես էլ վերաբերվենք Կիրակոսյանին, որն այդպես էլ չհամարձակվեց բացեիբաց հայտարարել նման որոշման հետ իր անհամաձայնության մասին ՝ որպես հեռանալու պատճառ, պետք է ընդունել, որ գրասենյակի աշխատանքը նրա ղեկավարման օրոք բավական պրոֆեսիոնալ և արդյունավետ էր: Ու թեև դեռևս 2024 թվականի հունվարին Փաշինյանն ինքն էր Բաքվին առաջարկել փոխադարձաբար հրաժարվել միջազգային ատյաններ ներկայացրած պահանջներից, ընդհուպ մինչև 2025 թվականի փետրվար ներկայացուցչի գրասենյակը շարունակում էր պնդել, որ հայցերը հետ կանչելու որոշում չկա, և դատավարությունները շարունակվում են։
Կարելի է ենթադրել, որ Կիրակոսյանը փորձել է ինչ-որ կերպ դիմակայել այդ որոշմանը, ինչը հայտնի պատճառներով դատապարտված էր ձախողման։ Կառույցի աշխատանքը գլխավորեց Լիպարիտ Դրմեյանը, որը ոչ մի կերպ չդրսևորեց իրեն մինչ այն օրը, երբ հաստատեց, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման: Ընդամենը մասնագիտական գնահատական տվեց և հեռացվեց աշխատանքից Նիկոլի, մեղմ ասած՝ ոչ պրոֆեսիոնալ կարծիքին անհամաձայնութան համար։ Արդեն հաջորդ օրը նշանակվեց նա, ով երբեք և ոչ մի պարագայում չի արտահայտի փաշինյանական դիրքորոշումից տարբերվող տեսակետ և հնազանդ կանի այն ամենը, ինչ իրեն կհրամայեն, անկախ օրինականությունից և իրավական հիմնավորումներից։
Խոսել այն մասին, թե ով է Կարեն Անդրեասյանը և ինչով է աչքի ընկել իր գործունեության ընթացքում, կարծում եմ, ավելորդ է։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի ամենավատ օմբուդսմեններից մեկը (այդ պաշտոնը զբաղեցրել է դեռևս նախկին իշխանությունների օրոք), նա հասցրել է աղմկալի սկանդալներով աչքի ընկնել թե՛ արդարադատության նախարարության, թե՛ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնում։
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ նա այնուհետ անփոփոխ դրսևորել է իր նվիրվածությունը նոր իշխանությանը՝ արժանանալով ոլորտի մասնագետների ամենախիստ քննադատությանը, որոնք նրան մեղադրում էին դատական համակարգի փլուզման մեջ։ Բավական է նշել, որ ՀՀ դատավորների խորհուրդը մի քանի անգամ հանդես է եկել ԲԴԽ նախագահի պաշտոնում նրա գործունեության բացասական հետևանքների մասին հայտարարություններով:
Հիշեցնեմ նաև, որ այս վայ-իրավաբանն այն բարձրաստիճան պաշտոնյաների թվում էր, ովքեր աշխատանքից ազատվել էին Նիկոլի SMS-հաղորդագրությունների միջոցով։ Բայց նույնիսկ այդչափ նվաստացուցիչ վերաբերմունքը, դատելով ըստ ամենայնի, չսասանեց նրա նվիրվածությունը ռեժիմի ղեկավարին, և ահա ստացավ հերթական նշանակումը՝ բավական նշանակալի։
Կարելի է վստահորեն արձանագրել, որ Նիկոլը «հաջողությամբ» քանդեց ևս մեկ աշխատող կառույց։ Ու թեև այն կարծիքը, որ այս ողջ իրավիճակը կապված է իրավարար վճռի հետ, անշուշտ ճիշտ է, այդուհանդերձ կարծում ենք, որ Անդրեասյանի նշանակումը հետապնդում է նաև այլ, ավելի կարևոր նպատակներ:
Այն է. Փաշինյանը ձեռնամուխ է լինում Բաքվի և Անկարայի ևս մեկ կարևորագույն պահանջի կատարմանը. սկսում է Ադրբեջանի դեմ միջպետական հայցերի հետկանչման գործընթացը։
Հարկ է ընդգծել, որ նախկինում ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և հայցերի փոխադարձ հետկանչը հնարավոր է միայն «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո: Սակայն ՄԽ-ի լուծարման գործընթացն արդեն պաշտոնապես մեկնարկել է, թեև ոչ մի պայմանագիր դեռ չկա. կա միայն վկա Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրն ու անձամբ Փաշինյանի և, ի պաշտպանություն նրա՝ Ալիևի մերկախոս հավաստիացումները, թե իբր՝ խաղաղությունն արդեն եկել է։
Նիկոլի կողմից Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր հրամաններն աներկբա կատարողի նշանակումը միանշանակ վկայում է, որ նա ձեռնամուխ է լինում նաև հայցերի հետկանչին. նշենք, առանց Բաքվի կողմից համանման գործընթացի որևէ նշանի։
ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՅԴ ՀԵՏԿԱՆՉԸ ԵՎ ԻՆՉՈՎ Է ԱՅՆ ՍՊԱՌՆՈՒՄ՝ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԸՆԴԳԾԵԼ ԵՆ ԲԱԶՄԻՑՍ։ Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունների լեգիտիմացում, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո դրանք իրագործած կոնկրետ հանցագործների լիակատար արդարացում ու անպատժելիություն (հիշենք թեկուզ «Օկամպոյի ցուցակը»): Շրջափակման, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի, իր Հայրենիքից մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանման ու ցեղասպանության, ռազմական ագրեսիայի և ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնազավթման լեգիտիմացում, արդարացում և անպատժելիություն:
Կանանց, տարեցների, երեխաների խոշտանգումների, նվաստացումների, դաժան սպանությունների, վարձկան-ահաբեկիչների օգտագործման և արգելված զենքի կիրառման լեգիտիմացում:
Ինչպես նաև Արցախում հայ ժողովրդի պատմամշակութային անգնահատելի ժառանգության շարունակական բարբարոսական ոչնչացման, այն ամենի ոչնչացման, ինչը բառացիորեն աղաղակում է, որ այս հողը Հայաստանի, նրա պատմության, հոգևորության և սրբության անքակտելի մասն է:
Վերջապես, իրենց ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին ակտիվ մասնակցելու «մեղքի» համար արցախցի առաջնորդների և այլ գերիների ու պատանդների դեմ Բաքվում ընթացող շինծու «դատավարությունների» լեգիտիմացում ու արդարացում:
Եվ էլի մի բան. Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը կատարելուց Նիկոլի հրաժարումը լիովին համահունչ է Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռները կատարելուց Ալիևի հրաժարմանը։ Փաշինյանն իր հանցակցին հավասարվեց նաև դրանում։ Եվ ձեռնամուխ եղավ հերթական հանցավոր հակահայկական արարքին։