«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը»,-գրել է ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիդ Փափազյանը։
Վերջինը մանրամասնել է.
«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ փոշիացվել է։
ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական գործը հարուցվել էր 2023-ի դեկտեմբերին։ ԱՆԻՖ-ը ներդրումներ էր կատարել Fly Arna, «Ապագա փրոջեքթս» ընկերություններում, դրանք սնանկացել են։ Արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար»-ի ծրագիրը ևս իրականացվում էր ԱՆԻՖ-ի հետ, սակայն մինչ այժմ նույնիսկ դրա շինարարության փուլը չի մեկնարկել։
ԱՆԻՖ-ի գործի դրվագներից մեկը, որը կապված է չարաշահումների հետ, վերաբերում է 2 մլն դոլարի չափով գումարի։ Գլխավոր դատախազի խոսքով՝ ՔԿ-ում հետաքննվում են հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները:
Այս տարվա օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Քրեական վարույթի շրջանակում՝ դատախազը 2025 թվականի օգոստոսի 15-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի, 277-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։
Panorama.am