Логотип

Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը միայն կօգնի. Միրզոյանը համաձայն չի Ֆիդանի հետ

Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է «Արմենպրեսին»՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը։

Նշենք՝ Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան դա անի հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հաքան Ֆիդանը նաև ասել է, որ Նախիջևանը և Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է վաշինգտոնյան հանդիպման ընթացքում:

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղությամբ էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս 2 բաղադրիչից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:

Ըստ Միրզոյանի՝ սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´ Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրել է՝ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այդ գործընթացը հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ:

Sputnik Արմենիա