Логотип

Անկարան ու Բաքուն արդեն լուծել են իրենց խնդիրները. Գևորգ Պապոյանը` սահմանի բացման մասին

Մեր երկրի համար ռիսկ են ներկայացրել և ներկայացնելու են փակ սահմանները, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ–ի հետ սահմանները փակել են, որպեսզի Հայաստանին տնտեսապես չեզոքացնեն և իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել հեշտությամբ։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հայ–թուրքական սահմանի բացման տնտեսական հեռանկարներին։

«Իրենք իրենց խնդիրները լուծել են։ Եթե ուզում ենք շարունակել նույն ձևով և վերջնականապես կործանել մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա։ Իմ բոլոր գործիքակազմերով կհասնեմ նրան, որ հայ–թուրքական սահմանը բացվի, և այս պետությունը զարգանա, որովհետև այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին»,- շարունակեց Գևորգ Պապոյանը։

Նա հայտարարեց, թե հայ–թուրքական սահմանի բացման մասին ինքը գիտական հոդված է ներկայացրել միջազգային մասնագիտացված ամսագրում և հորդորեց ընդդիմախոսներին պատասխան հոդվածով արձագանքել , եթե հակափաստարկներ ունեն։

«Գոյություն ունի առևտրի նմանության ինդեքս, որով ՀՀ-ն բացարձակապես նման չէ Թուրքիային և Ադրբեջանին։ Ինդեքսը 0.25 է։ Սա նշանակում է, որ այն, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն են արտահանում, մեզանից հեռու է։ Կա փոխլրացման ինդեքսը, որը նշանակում է՝ այն, ինչ ՀՀ-ն ներմուծում է, և կողքիններն արտահանում են, իրար շատ նման են։ Այսինքն՝ երբ սահմանները բացվեն, մենք կկարողանանք այն ապրանքները, որ ներմուծում ենք, իսկ կողքիններն արտահանում են, հենց նրանցից ներմուծել։ Հետևաբար, այդ ապրանքի ինքնարժեքը կիջնի, այսինքն` այդ ապրանքների գինը ՀՀ–ում կնվազի»,- հոդվածից մի հատված մեջբերեց Պապոյանը։

Խորհրդարանական 2-րդ ուժի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, արձագանքելով Պապոյանին, հիշեցրեց, որ հայ–թուրքական սահմանի բացմանը որևէ մեկը դեմ չի խոսել։

«Այդ սահմանը մենք չենք փակել, բայց ակնհայտ է մի բան, որ այդ սահմանի բացվելուց հետո մեր առանց այն էլ ծանր վիճակում հայտնված գյուղատնտեսությունը վերջանալու է։ Պարզ օրինակով բացատրեք՝ Արմավիիր մարզում վարունգ, լոլիկ աճեցնող գյուղատնտեսին, որը չի արտահանում, այլ իր օրվա հացի խնդիրն է լուծում, ի՞նչ օգուտ է տալու հայ–թուրքական սահմանի բացումը»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Գևորգ Պապոյանը պատասխանեց, թե որոշ ոլորտների համար ռիսկեր կան, բայց դրանք պետության կողմից կառավարելի են։

«Թուրքիան ու ՀՀ-ն, երկուսն էլ, Ռուսաստանի Դաշնություն, օրինակ,` ծիրան են արտահանում, երկուսի շուկան էլ նույնն է, նույն սուպերմարկետում են վաճառում։ Սահմանը բացվելուց ի՞նչ է փոխվելու։ Ո՛չ հայկական ծիրանի շուկան է ՀՀ–ն լինելու, ո՛չ էլ թուրքականին է Թուրքիան կամ ՀՀ-ն լինելու։ Կարող եք ասել՝ բա դդմիկը… հավատացնում եմ, եթե մնա, ապա մի քանի դդմիկի հարցը կլուծենք»,- շարունակեց Պապոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք` էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, խոսելով հայ–թուրքական սահմանի մասին, նշել է, որ Հայաստան–Թուրքիան սահմանի բացման օգուտը լինելու է Թուրքիայի Միջերկրական ծովի նավահանգիստներին հասանելիություն ունենալը։ Միևնույնն ժամանակ ասել է, որ տնտեսության որոշ ճյուղերի հետ կապված մրցունակության խնդիր կառաջանա։

Հիշեցնենք, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ, որը Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցել էր Բաքվին։ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին իրենց հատուկ ներկայացուցիչներին՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ Նրանք անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ, վերջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում՝ սեպտեմբերի 12-ին։

Sputnik Արմենիա