Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բողոքի ցույցերը գիշերը վերածվել են անկարգությունների, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան «Չացիլենդ» վրանային ճամբարում ոստիկանության մի քանի ջոկատներ բաժանել են Սերբիայի կառավարության հակառակորդներին և կողմնակիցներին։ Ցուցարարները սուլում էին, աղմկում և հակակառավարական կարգախոսներ էին հնչեցնում։ Կառավարության կողմնակիցները վրանային ճամբարում հայրենասիրական երգեր էին միացնում։ Բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության և իշխանության կողմնակիցների հետ ընդդիմության բախումների։
Սերբիայի ոստիկանության տվյալներով՝ Բելգրադի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 37 կասկածյալ է արդեն ձերբակալվել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խորհրդարանի դիմաց գտնվող ցուցարարները կապի մեջ են ԱՄՆ դեսպանատան հետ։
Նա մեղադրել է ցուցարարներին հրավառ տեխնիկայի կիրառմամբ իր կողմնակիցների «Չացիլենդ» կոչված վրանային ճամբարի վրա հարձակվելու համար։ Նախագահի խոսքով` անհրաժեշտ է հանգստություն և կարգուկանոն պահպանել։
Հիշեցնենք, որ ուսանողների և ընդդիմության բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են 2024 թվականին՝ Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզումից հետո։ Սերբիայի քաղաքներում իրավիճակը սրվել է 2025 թվականի օգոստոսին։ Օգոստոսի 17-ին Վուչիչը հայտարարել է, որ չի դիտարկում Սերբիայում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։
Sputnik Արմենիա
