Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր չէ որևէ երկրի համար։ Դրանք արտացոլում են այդ հողում ապրող ժողովուրդների պատմությունը։
«Հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր գործ չէ: Շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան», – ասել է Շվիդկոյը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը, թեև քաղաքականությունն է թելադրում մշակույթը, այնուամենայնիվ քաղաքականությունը այժմեական է, մինչդեռ մշակույթը՝ հավերժ։
«Միջպետական հարաբերություններից բացի, ժողովուրդների միջև կան ավելի խորը հարաբերություններ։ Եվ այսօր կարևոր է պահպանել մշակույթը, որը մեզ կապում էին մեր կողքին ապրող բոլոր ժողովուրդների հետ», – կարծում է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լեռնային Ղարաբաղում ապամոնտաժել են Խորհրդային Միության հերոսներ, մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Իսակովի և օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Բացի այդ, քանդվել են նաև մշակութային այնպիսի աշխարհահռչակ գործիչների արձաններ, ինչպիսին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին է։
Sputnik Արմենիա