Логотип

ԱՆ ՔԿԾ-ն հերքել է 25 000 ազատազրկվածի մասին տեղեկությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հերքել է VT Foreign Policy-ի տարածած տեղեկատվությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «տասն անգամ ավելի շատ» ազատազրկվածների առկայության մասին։

VT Foreign Policy-ն գրել էր, որ նրանց իրական թիվը «մոտենում է 25 հազարի»։

Քրեակատարողական ծառայությունը տեղեկատվությունն անվանել է Հայաստանի դեմ հերթական տեղեկատվական արշավ, և նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ըստ ՔԿԾ-ի՝ 2025 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1396 դատապարտյալ։

«Տվյալ հրապարակումը տարածած լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ փաստերն ու իրականությունն ակնհայտ խեղաթյուրող, բացահայտ սուտ պարունակող, հասարակությանը մոլորության մեջ գցող, չճշտված և անգրագետ հրապարակումներ տարածելուց»,- հավելել են ՔԿԾ-ից։

Armenia Today