Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվարի 24-ին Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները և առնվազն երեք տարի աշխատել են Հայաստանում։ «Պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք Շանհայի վարկանիշային աղյուսակի առաջին 50-ի մեջ ընդգրկված համալսարաններում բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտուրայի ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով», – բացատրել է Անդրեասյանը։
Այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ նախատեսված կարգով աշխատանքի անցնելու համար։
Ըստ նախարարի՝ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձի ապահովմամբ և նրանց հնարավորություն ընձեռելով իրենց գիտելիքներն օգտագործել Հայաստանի Հանրապետությունում։
Որոշ քննարկումներից հետո նշված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
News.am
