Логотип

Աշոտյան․ ԵՄ-ում աչք են փակում Փաշինյանի ռեպրեսիաների վրա

Եվրոպական միությունը ոչ թե Հայաստանում ուզում է ազատ ու անկախ ընտրություններ, այլ Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա կարծում է, որ Եվրոպայում կա քաղաքական որոշում` Նիկոլ Փաշինյանին «քարտ բլանշ» տալ, քանի որ վերջինս համաձայն է սպասարկել Եվրոպայի շահերը։

«Եվրոպական միությունում ղեկավարության մակարդակով կա հստակ քաղաքական որոշում` աչք փակել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ներսում բոլոր ռեպրեսիաների, քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին ճնշելու, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրությունները կեղծելու գործընթացի վրա»,– նշեց Աշոտյանը։

Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ Եվրամիության բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ արդեն բառապաշարից դուրս են հանել «ազատ, անկախ ընտրությունների» թեզը, քանի որ գիտեն, որ այդ կերպ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ընտրվի։

Աշոտյանի կարծիքով` իշխանություններն արդեն սկսել են ընտրակեղծիքների գործընթացը։ Որպես օրինակ նա բերեց թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու խոստումը։

«Աբսուրդ է, ԱԺ–ն արդեն հաստատել է կառավարության բյուջեն, այդտեղ ոչ մի խոսք չի եղել այս ամենի մասին։ Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է։ Սա պետական մակարդակով ընտրակաշառք է»,– հավելեց Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի` ընտրությունները կեղծելու դրսևորում է նաև ընտրություններից ամիսներ առաջ ընտրական օրենսգիրք փոխելը, դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելը ու քաղաքական մրցակիցներին բանտարկության տակ պահելը։

«Դու չես կարող մրցույթը համարել ազնիվ, երբ մրցույթից առաջ դիմացի թիմից ուժեղ խաղացողների ճաշի մեջ լուծողական ես գցում ու հանում ես իրենց խաղից»,– ասաց նա։

Sputnik Արմենիա