Ցանկացած երեխա ինքը ռիսկային է, անկախ նրանից՝ հարուստի, աղքատի, թե հաշմանդամի ընտանիքում է ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախին սոցապնախարար Աշոտ Եսայանը` անդրադառնալով հոր կողմից 3- ամյա Տիգրան Օվանեսովի սպանությանը։ Նրա խոսքով` մի շարք անպատասխան հարցեր կան։ Օրինակ, եթե որպես անապահով նպաստ են ստացել, ապա միասնական սոցիալական ծառայությունը պետք է անմիջական կապ ունենար տվյալ ընտանիքի հետ։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին։ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։
«Շատ կարևոր է իմանալ՝ երբևիցե էդ ընտանիքի ծնողներն առնչվե՞լ են հոգեբուժական կառույցների հետ։ Եթե դա այդպես է, ինչպես է եղել, որ հոգեկան հիվանդություն ունեցողը մնում է երեխաների հետ։ Դա իհարկե կարող էր հանգեցնել դժբախտ պատահարի»,– ասաց նա։
Եսայանը հավելեց` եթե ծնողների հոգեկան վիճակի մասին տեղեկություն կար, համապատասխան մարմինները պարտավոր էին դիմել դատարան նրանց անգործունակ ճանաչելու և երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու համար։ Հարցին` ո՞ր պետական մարմինն է թերացել, նախարարը հստակ նշեց՝ եթե նպաստ են ստացել, ապա միասնական սոցիալական ծառայությունը։ Նա կարևորեց նաև դպրոցների և համայնքի դերը։
«Եթե դպրոցահասակ երեխաներ կան, դպրոցը պետք է ասեր, որ երեխաները գալիս են կապտուկներով։ Եթե չեն գնացել դպրոց, դա համայնքի մեղավորությունն է։ Իսկ եթե գնացել են, ուսուցիչները հաստատ տեսել են, բայց չեն ահազանգել։ Հոգեբուժական և բժշկա-սոցիալական հանձնաժողովները նույնպես պետք է արձագանքեին՝ առաջարկելով համապատասխան փորձաքննություն և հաշմանդամության խումբ։ Անտարբերությունը խեղդել է մեզ բոլորիս»,– շարունակեց Եսայանը։
Անդրադառնալով վերջին տարիների քաղաքականությանը՝ կապված մանկատների փակման և երեխաներին ընտանիք վերադարձնելու հետ, նա նշեց, թե սա նորություն չէ։
«20 տարի է՝ փակ հաստատություններից երեխաներին բաց հաստատություններ տեղափոխելու խնդիրը կա, որովհետև դրանք դառնում են այդ երեխաների համար գետտոներ։ Փակ հաստատություններից անցումը դեպի ընտանիքահեն համակարգ ճիշտ ուղղություն է, սակայն այն պետք է ուղեկցվի համակարգային վերահսկողությամբ ու սոցիալական աջակցության մեխանիզմներով։ Կարծում եմ` 100 %-ով ոչ մի գնահատական չի կարելի տալ, բայց աշխատում է խնամակալի ինստիուտը։ Նախ՝ հանձնաժողովն է որոշում՝ արժե՞ էս ծնողներին երեխային տալ։ Երկրորդը նյութականն է՝ 75.000 դրամ ամեն երեխայի համար։ Սա քիչ է մերօրյա պայմաններում»,– ավելացրեց Աշոտ Եսայանը։
Նախկին սոցապնախարարը կարևորեց մշտադիտարկման համակարգի ներդրումը՝ առանց նախազգուշացման այցելություններով, որոնք օգնում են գնահատել երեխաների վիճակը և կանխել վտանգները։ Նրա համոզմամբ՝ առաջնահերթ է երեխայի կենսաբանական ընտանիքում մնալը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ապա նոր միայն որդեգրումը կամ խնամատարությունը պետք է դիտարկել։
