«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` Աշոտ Երկաթը, դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար։
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:
«Աշոտ Մինասյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և վերջինիս թողնել կրելու 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը։ Մինասյանի պատժի սկիզբը հաշվել վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից»,– ասված է դատարանի որոշման մեջ։
Այս որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Աշոտ Մինասյանը կալանավորվել էր 2021 թ. դեկտեմբերի 1-ին։ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հիշենենք, որ 2022 թ. հունվարի 26-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Խափանման միջոց սահմանվեց գրավը և ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik Արմենիա