Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բժիշկներն արդեն մի քանի շաբաթ է՝ ահազանգում են, որ իրենց ծանրաբեռնվածությունն զգալիորեն աճել է, սակայն աշխատավարձերը նվազել են, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ որոշ դեպքերում աշխատավարձի կրճատումը հասնում է 50%-ի:
«Հայաստան» դաշինքը, ըստ պարբերականի, որոշել է աշխատանքային քննարկում հրավիրել այս ուրբաթ: Քննարկմանը հրավիրվել են մի շարք բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Նպատակն ստեղծված իրավիճակի քննարկումն է:
Պարբերականի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունից մինչ օրս հստակ չի պարզաբանվել, թե ի՞նչ հաշվարկով են որոշվում բուժաշխատողների աշխատավարձերը և ինչո՞ւ է արձանագրվել նվազում:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից: Առաջին փուլում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:
Ապահովագրության ներդրումից հետո բազմաթիվ բուժաշխատողներ սկսել են բողոքել աշխատավարձերի ուշացումներից: Փետրվարի վերջին Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ բուժաշխատողների աշխատավարձն ստացվում է երկու մասով՝ պետական պատվերով մատուցված ծառայությունների և ԱՀԱԾ-ով մատուցված ծառայությունների դիմաց, և առաջին կտորի վճարումներն արդեն իսկ կատարվել են, իսկ երկրորդ մասի փոխանցումները տեղի կունենան մարտի սկզբին, իսկ ավելի վաղ՝ դեկտեմբերին, նախարարը վստահեցրել էր, որ նրանց աշխատավարձերը բարձրացվելու են:
Armenia Today
