Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավրված 18-ամյա Դավիթ Մինասյանի համադասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ` պահանջելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպում։
«Մենք պահանջում ենք, որ Դավիթն իր արարքի համար ստանա համարժեք պատասխան, այլ ոչ թե այսպիսի դաժան և խիստ պատիժ։ Մենք Դավիթին գիտենք, որպես հիանալի անձնավորություն։ Նա միշտ մեզ համար օրինակ է եղել՝ թե՛ ուսման մեջ, թե՛ կյանքում։ Դավիթն ընդամենը 18 տարեկան է։ Թող բոլորը հիշեն, թե ինչպիսին էին այդ տարիքում», – լրագրողներին հետ զրույցում ասաց Դավիթի համադասարանցի Մարիա Պիպոյանը։
Դավիթ Մինասյանի համադասարանցիները նամակ հանձնեցին ՄԻՊ գրասենյակին` հորդորելով Անահիտ Մանասյանին ապահովել իրենց դասընկերոջ առողջության իրավունքի պաշտպանությունը։
Մինասյանի համադասարանցիները խոստանում են շարունակել իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակի արդարացի հանգուցալուծում չի եղել։
Նշենք, որ Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչները երեկ` մարտի 2–ին, բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։
Sputnik Արմենիա
