Логотип

ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր ծրագիրն ավելի քան 300 կետ է ներառում

ԱՊՀ–ի և ԵԱՏՄ–ի համագործակցության ծրագիրը, որը թույլ կտա ապրանքներ տեղափոխել առանց սահմանափակումների և խոչընդոտների, ավելի քան 300 կետ է ներառում։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։

«Միջազգային իրավական կարգավորումների հետ կապված հակասություններից խուսափելու համար ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ընդունված ծրագրերի շրջանակում։ Այժմ գործում է 2023 թվականի ծրագիրը, որը կավարտվի 2025 թվականին։ Հիմա հերթական ժամանակահատվածի համար համապատասխան ծրագիր ենք մշակում։ Այն կոնկրետ ուղղություններով ավելի քան 300 կետ է ներառում», – ասել է Պետրիշենկոն։

Նրա խոսքով` կոնկրետ ուղղություններից են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, արդյունաբերական համագործակցությունը, պարենային անվտանգությունը և տեխնիկական կարգավորումները։

«Սպեկտրը շատ մեծ է, ինչը թույլ կտա ԱՊՀ–ի շրջանակում ապրանքները տեղաշարժվեն առանց սահմանափակումների և խոչընդոտների։ Սա մեր աշխատանքի համակարգման կարևորագույն տարրերից է, որպեսզի մենք կարողանանք Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվածից սիներգետիկ ինտեգրացիոն արդյունք ստանալ», – ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը կքննարկվի ԱՊՀ մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստում։ Մշտական ներկայացուցիչները կամփոփեն Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստերի արդյունքները և կնախանշեն բարձրագույն կանոնադրական մարմինների ընդունած փաստաթղթերի և ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման խնդիրները։

Sputnik Արմենիա