Ոչ, չի հաջողվում թուրքական դրածոների ռեժիմին լռեցնել մեր հիշողությունն ու արժանապատվությունը։ Ապրիլյան պատերազմից անցել է արդեն 10 տարի, երեկ դա սոցցանցերի հայկական հատվածի գլխավոր թեման էր, սակայն քար լռություն տիրեց իշխանությունների կողմից. ոչ մի բառ պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում: Նիկոլը փորձում է ջնջել մի քանի սերունդների հիշողությունը և սկսել պատմությունն իր անձից ու իր «թավշե», բայց թանձր արյան փոխարկված «հեղափոխությունից»։ Չի հաջողվում և չի հաջողվի։
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԱՌԱՎՈՏԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ՝ առավելևս ցինիկ ու անմարդկային, քանզի ուղղված էր երեխաների դեմ: Ժամը 8:20-ի սահմաններում ագրեսորի բանակը հրետանային արկերով 4 հարված հասցրեց Արցախի Ներքին Ճարտար գյուղի դպրոցի շրջակայքին: Դպրոցի բակում պայթած արկերից մեկի բեկորով սպանվեց 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ծանր վիրավորվեցին նրա կրտսեր եղբայրն ու համադասարանցին:
Երեխաները շտապում էին մարզանքի, որը սովորաբար անցկացվում էր դպրոցի բակում դասերի սկսվելուց առաջ, և թշնամին շատ լավ գիտեր այդ մասին: Գյուղի բնակիչների բազմաթիվ վկայություններով՝ ադրբեջանական հետախուզական դրոնները պատերազմի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ պտտվում էին տեղանքում՝նկարահանելով բոլոր մանրամասները։ Ապրիլի 2-ին հարված հասցվեց հենց դպրոցին, և առավոտյան հենց այն ժամին, երբ բոլոր դպրոցականները պետք է հավաքվեին բակում։ Լոկ պատահականությամբ զոհեր այլևս չեղան։
Դա մանրակրկիտ մտածված, պատրաստված և նպատակային հարված էր: Հայկական կողմը բավականաչափ ապացույցներ է հավաքել դպրոցի և թիրախների հրետակոծության միտումնավորության մասին. սպանել և վիրավորել հնարավորինս շատ երեխաների: Նորմալ մարդու ուղեղի համար դժվար է հավատալ և հնարավոր համարել «հոմո սափիենս»-ի նման պահվածքը, սակայն փաստերն ու ականատեսները վկայում են Բաքվի ռազմավարների հենց այդպիսի հրեշավոր մտահղացման մասին:
Այսօր, Ապրիլյան պատերազմից 10 տարի անց, Արցախի աղետալի կորստից և Հայրենիքից հայերի գաղթից երկուսուկես տարի անց, շրջափակումից, ցեղասպանությունից և էթնիկ զտումներից հետո, որոնց ընթացքում բազմաթիվ հայ երեխաներ զոհվեցին, դա առավելևս ամենևին էլ անհավանական չի թվում:
Ընդհակառակը, այն ամենը, ինչի միջով անցել է հայ ժողովուրդը վերջին գրեթե 6 տարիներին, կրկին ու կրկին ապացուցում է Ալիևի հանցավոր ռեժիմի բազմակի փորձարկված ձեռագրի անփոփոխությունը, որի համար երեխաները ահաբեկչության և սպանությունների նույնպիսի թիրախ են, ինչպեսև ցանկացած այլ հայ, լինի դա ծերունի, կին, թե հաշմանդամ:
ԱՄԵՆԵՎԻՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ 9-ԱՄՅԱ ՎԻԿՏՈՐՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԷՐ, որը սպանվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մարտունիում՝ իր տան բակում, արկի պայթյունից։ 2023-ի հուլիսին՝ դաժան շրջափակման ամենաթեժ պահին, զոհվեցին երկու երեխաներ. 6 տարեկան աղջիկն ու նրա երեք տարեկան եղբայրը, որոնց մայրը ստիպված էր եղել թողնել տանը, որպեսզի գնա ուտելիք փնտրելու։ Նույն թվականի անիծյալ սեպտեմբերին Արցախում զոհվեց վեց երեխա, որոնցից չորսը վերադառնում էին դպրոցից։
Խաղաղ բնակչության, անմեղ քաղաքացիական անձանց դեմ պատերազմը նույնպես ցեղասպան Ադրբեջան պետության անփոփոխ ձեռագիրն է, սկսած «սումգայիթից»։
… Ապրիլի 2-ին ավագ որդուն՝ Վաղարշակին կորցրած Գրիգորյան ընտանիքի ճակատագիրը կարծես ջրի կաթիլի պես արտացոլեց այդ քաղաքականության ողջ հանցավորությունն ու անմարդկայնությունը: Ապրիլյան պատերազմից հետո նրանք Ներքին Ճարտարից տեղափոխվեցին Շուշի. Հոգեբանորեն չափազանց ծանր էր մնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ հիշեցնում էր զոհված երեխային: Իսկ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, ընտանիքը ստիպված փախավ նաև Փաշինյանի դավաճանած ու հանձնված Շուշիից։
Ներքին Ճարտարում մնաց Վաղարշակի հիշատակին դպրոցի բակում տեղադրված խաչքարը, իսկ իրենց հայրենի Հերհեր գյուղում՝ նրա գերեզմանը: Հայ ընտանիքի ահա այսպիսի «սովորական» ողբերգություն. միլիոնավորներից մեկը հարյուրից քիչ ավելի տարիների ընթացքում…
Ողբերգություն, որի մասին Հայաստանի այսօրվա իշխանությունները ցանկանում են ստիպել բոլորիս մոռանալ, ինչպեսև միլիոնավոր այլ խլված, խեղված ու կործանված կյանքերի։ Որոնց ողբերգությունն ունի մեկ պատճառ.Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արյան անհագ ծարավը և հայ ազգին ու նրա հետ կապված ամեն ինչ տարածաշրջանում բնաջնջելու անհագ, կենդանական ձգտումը։
Եվ եթե 2023-ի հուլիսին Արաբատ Միրզոյանը դեռևս «զայրալից» գրում էր ադրբեջանական շրջափակման հետևանքով երկու երեխաների մահվան մասին ՝ հայտարարելով, որ «դա անթույլատրելի է 21-րդ դարում», ապա այսօր նույն Միրզոյանն ու մնացած բոլոր «արաբատները», Նիկոլի գլխավորությամբ, մի բառ անգամ չեն արտաբերում Ադրբեջանի սպանած երեխաների մասին։
Ամենայն հավանականությամբ, 12-ամյա տղայի, 9-ամյա աղջկա, փոքրիկ քույր ու եղբոր հիշատակը ահռելի սպառնալիք է իրենց «խաղաղությանը», ավելի շուտ՝ իրենց զազրելի, ոտքից գլուխ հայկական արյունով ծածկված իշխանությանը։
2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված ավելի քան 700 հայցերի մասին: Հայցերից մեկը վերաբերում էր Վաղարշակ Գրիգորյանի սպանությանը և մյուս երկու երեխաների վիրավորմանը։ Այն ժամանակ ՄԻԵԴ-ը զարմանալիորեն արագ սկսեց քննել գործերը, սակայն շուտով ամեն ինչ արգելակվեց։ Մոտենում էր 2018 թվականը…
Անցած 10 տարիների ընթացքում «ապրիլյան» գործերով ոչ մի վճիռ այդպես էլ չի կայացվել. ո՛չ Վաղարշակի և Թալիշում նույն ընտանիքի երեք տարեց անդամների սպանության, ո՛չ հայ ռազմագերիների դաժան խոշտանգումների և սպանությունների, ո՛չ էլ հայ զինծառայողների գլխատման փաստերի վերաբերյալ… Վճիռներ դեռ կարելի էր ակնկալել, եթե Հայաստանում վերջին 8 տարիներին լիներ հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա զավակների, զինվորների և ծերերի շահերը պաշտպանող ազգային իշխանություն։
Այսօր, երբ փաշինյանական ռեժիմը չի թաքցնում միջազգային ատյաններից դատական բոլոր հայցերը հետ կանչելու և դրանով իսկ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից և պատժից իր ադրբեջանցի հանցակիցներին ազատելու անսասան մտադրությունը, կարելի է չկասկածել, որ դա կվերաբերի նաև 10-ամյա վաղեմության իրադարձություններին։ Ասենք, ո՞վ կարող է երաշխավորել, որ գործընթացն արդեն սկսված չէ, ընդ որում՝ միակողմանի կարգով. միայն Հայաստանի կողմից ։
