Ավելի քան վեց տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում՝ ապօրինի հետապնդման հետևանքով խախտված իրավունքների համար։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Դավիթ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության։ Հայցադիմումով դատավոր Դավիթ Գրիգորյանը պահանջում է ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ բռնագանձել 8 մլն ՀՀ դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Ղազարյանին։ Դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
