ՀՅԴ Բյուրոն կոչ է անում տարածաշրջանում խաղաղության ջատագով ուժերին կոչ է անում հետամուտ լինել և աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։ Այս մասին ՀՅԴ բյուրոն հաղորդագրություն է տարածել։
Նշենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի շինծու դատավարությունն ավարտվել է։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանտար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
«Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կանխորոշված վճիռներով Ադրբեջանը ավելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին և ձևական քայլերին, ՀՀ գործող իշխանությունների մեղսակցությամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ ողջ «դատավարության» ընթացքում ակնհայտ էր՝ Բաքվի նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը և այդ պայքարի առաջնորդներին։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել և աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով»,- հայտնում են ՀՅԴ-ից։
Բյուրոյից նշում են, որ առանց այդ պատանդների անհապաղ և առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։
Կառույցից նաև հատկանշական են համարում այն, որ այս շինծու դատավարությունից առաջ՝ նախօրեին, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստացել։ Շեշտում են՝ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։
Բաքվում շինծու «դատավարությանն» անդրադարձել է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։
«Ադրբեջանում քրիստոնյա հայ գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ «դատավճիռները» միայն այս մարդկանց կյանքին ու արժանապատվությանը չեն վերաբերում։ Դրանք առնչվում են նաև անվտանգության, հայ ժողովրդի արժանապատվության ու Հայաստանի ապագայի հարցերին՝ հենց նույն խաղաղության համատեքստում: Այս վտանգավոր զարգացումը նշանակում է, որ ապագայում ցանկացած հայ գործչի, ցանկացած քաղաքացու կարող են կեղծ «դատավարություններով» ազատազրկել»,- ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։
Հիշեցնում են՝ այս «դատավարություններով» Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես «ագրեսոր պետություն», հայերին՝ «թշնամանք տարածող ժողովուրդ, որը խաղաղ ապրել չգիտի», հայը ներկայացվում է որպես «ահաբեկիչ ու ցեղասպան»։
Վստահ են՝ պատասխանատու և հայրենասեր կառավարությունն ամեն ինչ կաներ, որպեսզի այս ողջ «դատական ֆարսը», իսկ իրականում՝ հակահայկական գործողությունները, տեղի չունենային։
«Միասնության թևերը» պնդում է, որ հայրենասեր կառավարությունն ամբողջ աշխարհին նաև մանրամասն ցույց կտար, որ Բաքվի բոլոր «դատավարությունները» շինծու են ու պացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ։
«Իրականում պատասխանատու պետությունը աշխարհին նաև կհայտներ, որ այդ շինծու դատավարություններով Բաքուն նպատակ է հետապնդում ստեղծել Երևանի նկատմամբ ագրեսիայի ու ճնշման նոր հիմքեր։ Զուգահեռ, միջազգային օրակարգի և խաղաղության օրակարգի մաս կդարձներ ադրբեջանական օկուպացիայից Հայաստանն ազատելու, արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։ Խաղաղությունը չի կարող անջատ լինել արդարությունից։ Չի կարող հռչակվել «խաղաղություն», իսկ Բաքվում հայ գերիները ցմահ ազատազրկման ենթարկվեն»,- ասում է հաղորդագրությունում։
Նախաձեռնությունում կարծում են, որ դա պետք էր անել հայաստանյան ու միջազգային հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, միջազգային միջկառավարական կառույցների հետ համագործակցությամբ։ Քաղաքական ուժից նաև շեշտում են՝ ՀՀ ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից, «սպիտակ» ներկայանալ աշխարհին, բայց իրականում Ադրբեջանը շարունակում է թշնամանքն ու զինվելը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
Sputnik Արմենիա
