Логотип

ԱՋԱԿՑԵԼ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԻՑ

Այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հայտարարած հացադուլի 13-րդ օրն էր: Հիշեցնեմ, որ հունվարի 9-ին նա անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի «խուլիգանություն» մեղադրանքով իր և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու դեմ: Թե իրականում ինչի համար են բանտախուց նետվել հայտնի փոդքասթի հեղինակները՝ հայտնի է. Ալեն Սիմոնյանի ակնհայտ սադրիչ հայտարարությանը պատասխանելու, ավելի ճիշտ՝ եթերում ընդամենը մեկ «անպարկեշտ» բառի համար։

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԱՆԴԱԴԱՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑՎՈՒՄ ՆԱՐԵԿԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ընդ որում նրան անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Անհավանական է, բայց փաստ. հացադուլավոր մարդուն տեղափոխել են պատժախուց. տվյալ քրեակատարողական հիմնարկում նման դեպքի համար առանձին խուց չունենալու պատճառով։ Հունվարի 17-ին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ բուժող բժշկին թույլատրել են այցելել Սամսոնյանին միայն հարցումը ստանալուց հետո տասներորդ օրը, իսկ մեկուսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ նրա հոսպիտալացումը հնարավոր է ոչ շուտ, քան տասը օր հետո:

Երկու շաբաթվա հացադուլի ընթացքում Նարեկին ոչ մի անգամ չեն այցելել «օմբուդսմենի» ներկայացուցիչները, որի գրասենյակի դիմաց հունվարի 19-ին բողոքի ակցիա անցկացվեց: Ոչ մի արձագանք չկա նաև առողջապահության նախարարությունից, թեև խոսքը երիտասարդի առողջությանը և նույնիսկ կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին է: Իշխանությունների բացարձակ դեգրադացիան և ապամարդկայնացումը վաղուց արդեն կատարված փաստ են, և նման վարքագծի մեջ, իհարկե, զարմանալի կամ սենսացիոն ոչինչ չկա։

Բայց տվյալ դեպքում խոսքը իշխանությունների մասին չէ, նրանց պարագայում ամեն ինչ պարզ է։ Խոսքն ընդդիմություն համարվող հասարակական-քաղաքական ուժերի վարքագծի մասին է, որոնք հացադուլի անցած 14 օրերի ընթացքում այդպես էլ չբարեհաճեցին միասնական, համախմբված դիրքորոշում հայտնել գոնե քաղբանտարկյալների հարցում, ինչպիսիք այսօր Հայաստանում մոտ 50 հոգի են:

Չբարեհաճեցին հանդես գալ համատեղ հայտարարությամբ, չենք խոսում արդեն հետևողական աջակցության մասին՝ ի պաշտպանություն այն մարդու, որը ստիպված դիմել է բողոքի արտահայտման ամենածայրահեղ, դաժան և կյանքի համար վտանգավոր ձևին, որպեսզի ուշադրություն հրավիրի երկրի ներքին իրավիճակի և իշխանությունների ցուցադրական սանձարձակության վրա։

Ի պաշտպանություն Նարեկ Սամսոնյանի՝ նրա ընկերներն ու գործընկերներն անցկացրեցին մի քանի ակցիա։ ԶԼՄ-ներն ու սոցցանցերն ակտիվորեն լուսաբանեցին այդ ակցիաները, բայց լոկ այդքանը։ Որևէ քաղաքական ուժ նույնիսկ միայնակ հանդես չեկավ հատուկ հայտարարությամբ՝ բացահայտ անհեթեթ մեղադրանքով կալանավորված տղաներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, ընդգծված համերաշխություն չհայտնեց նրանց հետ:

ԱՅՈ, ՏԱՐԲԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐ շատ ակտիվ մասնակցում են ակցիաներին և աջակցում Նարեկին ու Վազգենին հնարավոր բոլոր հարթակներում: Բայց միայն որպես անհատներ, պատգամավորներ և ընկերներ. ոչ ավելին։

Ամեն օր ահազանգեր են ստացվում նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այդ մարդուն, չկիսել նրա քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները տարբեր հարցերի նկատմամբ։ Բայց փաստը մնում է փաստ, Ղուկասյանը բանտ է նետվել բացառապես իշխանությունների վարած քաղաքականության հետ իր անհամաձայնության պատճառով և նույնպես անշուշտ քաղբանտարկյալ է։ Բայց այն մասին, որ նրա առողջական վիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է բանտային պայմանների հետ, փաստացի շեփորում է միայն նրա փաստաբանը։

Հասարակությունն ընդհանրապես, այդ թվում ՝ ընդդիմադիր ուժերը, լուռ ու անտարբեր հետևում են իրավիճակին՝ չցուցաբերելով ո՛չ առանձնակի մտահոգություն, ո՛չ էլ շահագրգռվածություն բժշկական օգնության կարիք ունեցող արդեն ոչ այնքան երիտասարդ քաղբանտարկյալի նկատմամբ առնվազն պատշաճ վերաբերմունքի ցուցաբերման հարցում:

Առանձին գործիչների և սոցցանցերի օգտատերերի գրառումները ոչ մի կերպ չեն ազդում Ղուկասյանի ճակատագրի նկատմամբ անտարբերության ընդհանուր մթնոլորտի վրա, որի հաղթանակը Գյումրիի ընտրություններում, հիշեցնեմ, համընդհանուր ցնծության առիթ դարձավ և ռեժիմի մոտալուտ վախճանի հույսեր ծնեց։

Գործարար-քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը, պարզվում է, 2 ամիս առաջ բանտախցում ցրտի պատճառով հիվանդացել է թոքաբորբով և քովիդ տարել: Նրա կողմնակիցների բարձրացրած աղմուկը ստիպեց իշխանություններին տեղափոխել Կարապետյանին տնային կալանքի և հնարավորություն տվեց շարունակել բուժումը: Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ լայն արձագանքն ու բողոքի ալիքը ստիպում են իշխանություններին նահանջել իրենց մտադրություններից և կայացնել իրենց համար անցանկալի որոշումներ։

Այն մասին, որ ամռանը կայանալիք ընտրություններն այդպիսիք չեն լինելու բառի սովորական իմաստով և, առանց չափազանցության, ճակատագրական նշանակություն են ունենալու Հայաստան պետության ու հայ ժողովրդի համար, խոսում են անխտիր բոլորը: Այն, որ օկուպացիոն ռեժիմը կդիմի բառացիորեն ամեն քայլի, այդ թվում՝ հեշտությամբ կզոհաբերի տասնյակ ու հարյուրավոր մարդկանց կյանքն ու ազատությունը, նույնպես գիտակցում են բոլորը։

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՆԱԵՎ ՊՆԴԵԼ, որ հաղթել թուրքամետ ոհմակին, որը պատրաստ է զոհաբերել երկրի և՛ տարածքները, և՛ շահերը, և՛ ինքնիշխանությունը հանուն սեփական իշխանության վերարտադրման ու բարեկեցության, հնարավոր է միայն ազգային բոլոր առողջ ուժերի համախմբմամբ և համակարգված գործողություններով։ Հենց առողջների՝ նրանց, ովքեր հանուն երկրի փրկության պատրաստ են զիջել անձնական և խմբային հավակնությունները, մի կողմ դնել անցյալի բոլոր վիրավորանքները, տարաձայնություններն ու հակասությունները։

Բայց նույնիսկ այնպիսի միանշանակ հարցում, ինչպիսին աջակցությունն է քաղբանտարկյալներին, անկախ նրանց հայացքներից և այս կամ այն ճամբարին պատկանելությունից, համախմբման նշույլ անգամ չկա։ Եվ ընդհանրապես, ե՞րբ են վերջին անգամ հայտնվել թեկուզ երկու-երեք ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների համատեղ հայտարարություններ, թեկուզ մեկ հարցի շուրջ, որում թվում է, բոլորն էլ ունեն միանգամայն համանման դիրքորոշում. հենց նույն քաղբանտարկյալների հարցի։

Նման մոտեցումներով և հաշվի առնելով իշխանությունների մոլեգնությունը, որոնք պատրաստ են ատամներով և, ամենակարևորը՝ համերաշխ ու չնչին իսկ կասկածի տակ չառնելով միասնականության անհրաժեշտությունը, պաշտպանել սեփական վերարտադրությունը, չենք խոսում արդեն արտաքին ուժերի շահագրգռվածության և նույնքան համախմբված աջակցության մասին, «ընտրությունների» ելքը, ավաղ, ակներև է։ Եվ թե ինչ «ընտրություններ» են դրանք լինելու, նույնպես պարզ է բոլորին։

«Քաղբանտարկյալների հարցում ընդդիմության համակարգված ու տևական դիմադրության հույսերը շարունակում են երազանք մնալ»,- գրել է «Հարթակ 22» ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը: Եվ ուրեմն, հանցավոր ազգադավ ռեժիմի նկատմամբ հաղթանակի հույսերն էլ դեռ երազանքների տիրույթում են։