Логотип

Աջափնյակի կրակոցների գործով ոտքի են հանել ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները

Աջափնյակում երկու օր առաջ տեղի ունեցած արյունալի կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։

NEWS.am-ի տեղեկություններով, Աջափնյակի կրակոցների գործով իրավապահները գործող անձանց ողջ շրջանակը հայտնաբերելու համար ոտքի են հանել հանրապետության ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները` նրանց գտնվելու վայրը հայտնաբերելու համար։

Նույն տեղեկություններով, այդ անձանց հետ կապվող նույնիսկ հեռու հարազատների, անծանոթների բնակարաններ են այցելում։

Ի դեպ, որոնվող քաղաքացիների մեջ, մեր տեղեկություններով, կա 2 եղբայր։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։