Երեկ լրատվական գործակալությունները հաղորդեցին Վրաստանի տարածքում Ադրբեջանից Թուրքիա թռչող թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման մասին: Այնտեղ գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։ Ըստ հաղորդագրությունների, հնարավոր է, որ ինքնաթիռը վերադառնում էր սպառազինության հերթական փոխադրումից հետո, սակայն, ամենայն հավանականությամբ, դրա ուղևորները մասնակցել էին նոյեմբերի 8-ին Բաքվում անկացված զորահանդեսին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց թվում են եղել նաև 44-օրյա պատերազմում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային մասնակցած անձինք։
Մենք մտադիր չենք նսեմանալ չարախնդալու աստիճան։ Բայց կործանումն ինքնին, համաձայնեք, չափազանց խորհրդանշական է։
ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ ԼԱՅՆՈՐԵՆ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ ԷՐ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից, որոնք եռանդագին ջանում էին տպավորություն ստեղծել, թե դրան ներկա են եղել օտարերկրյա բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր: Ներկայացված ցուցակը, սակայն, եթե հաշվի առնենք պաշտոնական Բաքվի համար կլոր տարեթվի կարևորությունը, առանձնապես տպավորիչ չէր։ Մանավանդ որ հաջորդ օրը Բաքվի նույն ԶԼՄ-ներում հայտնվեցին «Ով վախեցավ Բաքվի շքերթից» կարգի վերնագրեր և տվյալներ բերվեցին «վախեցած» երկրների ու կազմակերպությունների մասին։
Արցախցի ռազմական բլոգեր Ալեն Ղուլյանն այդ առնչությամբ գրում է. «Բաքվում հետշքերթային հիստերիա է սկսվել։ Հենց տեխնիկան տեղափոխեցին մշտական տեղակայման վայրեր, սկսվեց տոնի ամենասրբազան մասը. հավատարիմների ստուգատեսն ու հաշվարկումը։
Եվ այսպես։ Հրավերն անտեսել են Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ավստրիան, Եվրամիության, ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Գերմանիայի, Լատվիայի, Շվեյցարիայի դեսպանները գտնվում էին երկրի սահմաններից դուրս։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը նախապես ծրագրված հանդիպում ուներ։ Հունաստանի դեսպանը պատրաստվում էր լքել երկիրը, Պորտուգալիայի դեսպանի առաքելությունն ավարտված էր»։
Ուրեմն ո՞վ էր կանգնած տրիբունայում Ալիևի կողքին, բացի, բնականաբար, Էրդողանից։
«Բաքվում «հայերի դեմ հաղթանակին» նվիրված զորահանդեսին ներկա են եղել 3 երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի նախագահները, և երթաքայլել են նրանց զինվորները։ 90-միլիոնանոց Թուրքիան, 256-միլիոնանոց Պակիստանը և 10-միլիոնանոց Ադրբեջանը նշում էին համատեղ «հաղթանակը» 150-հազարանոց Արցախի նկատմամբ։ Սակայն զորահանդեսին ներկա չէին նրանցից ոմանք, ովքեր մասնակցել են Արցախի բռնազավթմանը. ահաբեկիչները Սիրիայից (մի քանի հազար), մոջահեդներն Աֆղանստանից»,- գրում է «Հայ սպայի գրառումներ» տելեգրամ-ալիքը։
Նույն Ալեն Ղուլյանը մի քանի ուշագրավ անուններ է նշում, օրինակ՝ Ադրբեջանի «հերոսներից» մեկի, որը ժամանակին ցեղակիցների կողմից հրապարակավ մերկացվել էր ստի մեջ (նա պնդում էր, թե սպանել է Մոնթե Մելքոնյանին), բայց հիմա կրկին վայելում է Բաքվի սուլթանի բարեհաճությունը։

«Տրիբունայում պատվավոր հյուրերի թվում են եղել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ հանցագործություններին մասնակից անձինք։ Սա Իբադ Հուսեյնովն է՝ Ադրբեջանի այսպես կոչված «հերոսը», որը 1993թ. հունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլի տեղանքում սպանել և գլխատել է Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանին, ապա լուսանկարվել կտրած գլխով:
ԱՅՍՕՐ, ԻՇԽՈՂ ՌԵԺԻՄԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ, ՆԱ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԹԱԼԱՆԸ։ Առանց նրա թույլտվության ոչ ոք իրավունք չունի քաղաքից տանել հայերի թալանված ունեցվածքը։ Նրան հատուկ իր համար վերանորոգած հյուրանոց են նվիրել քաղաքի կենտրոնում, որտեղից համակարգում է ամբողջ շրջանի թալանը»,- նշում է Ղուլյանը։
Ոչ պակաս հետաքրքիր են արցախցի փորձագետի դիտարկումները «չվախեցած» օտարերկրյա հյուրերի մասին։

«Պատվավոր հյուրերի տրիբունայում Իլհամի և Էրդողանի կողքին նկատվեց Բաքվի ռեժիմին սպառազինության գլխավոր մատակարարներից մեկը՝ Czechoslovak Group CSG-ի ղեկավար և սեփականատեր Միխալ Ստրնադը։ Հյուրն այնքան կարևոր էր, որ նրան տեղ էին հատկացրել բռնապետների անմիջական հարևանությամբ։
Դեռևս 2017-18 թվականներին Ստրնադ ընտանիքի ընկերությունները ակտիվորեն մասնակցել են Սլովակիայի և Իսրայելի տարածքով չեխական սպառազինության տարանցմանը Ադրբեջան։ Գործող էմբարգոյի պատճառով Ալիևի ռեժիմը չէր կարող զենք գնել ուղղակիորեն, այդ պատճառով գործարքները ձևակերպվում էին երրորդ երկրների միջոցով։
Բաքվի զորահանդեսի կադրերում պատվավոր հյուրերի թվում աչքի է ընկել նաև Սլովակիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախկին նախագահ և ԵԱՀԿ նախկին նախագահ Միրոսլավ Լայչակը: Այդ կերպարն անձամբ պատասխանատու է 2017-18 թվականներին Ադրբեջանին չեխական հարձակողական սպառազինության (DANA հրետանային ինքնագնաց կայանքներ և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր) մատակարարման համար: Հենց Լայչակն էր, զբաղեցնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնը, անձամբ ստորագրում վերջնական օգտատիրոջ վկայագրերը։
Իհարկե, այդ ամենը արվել է բնավ ոչ Իլհամի «սիրուն աչքերի համար»։ Բաքվի ռեժիմի «խավիարային դիվանագիտության» մասին աշխարհը վաղուց գիտի, և Լայչակը հերթական սնածուն էր։ Ինչպեսև սպասվում էր, Փաշինյանի ռեժիմը լիովին անտեսեց այդ սխեման և ոչ մի քայլ չձեռնարկեց, ամեն ինչ թողնելով անպատիժ:

ԵՎ ՈՐ ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ Է. ԵՐԲ ԼԱՅՉԱԿԸ ԵՐԵՎԱՆ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՆ, այն ժամանակվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում նա լկտիաբար հայտարարեց. «մենք բացատրեցինք միմյանց, հասկացանք միմյանց։ Թեման փակված է»… Եվ այս ամենը՝ Հայաստանի ռեժիմի լուռ համաձայնությամբ, հանձին Մնացականյանի»,- գրում է Ղուլյանը։
Մեր կողմից հավելենք. այս տարվա մայիսին Երևան էր ժամանել Սլովակիայի վարչապետը, և նրան փաշինյանական ռեժիմի կողմից ցուցաբերվեց ամենապատվավոր ու ջերմ ընդունելություն։ Այն մասին, որ Արցախի դեմ ագրեսիայի նախօրեին Բաքվին ինտենսիվորեն զենք մատակարարած երկրի ղեկավարին հանդիմանանքի ոչ մի բառ չասվեց, խոսելն անգամ ավելորդ է։
Դե, իսկ զորահանդեսի գլխավոր «զարդը» 44-օրյա պատերազմում սպանված ալիևյան ճիվաղների լուսանկարները տանող ահռելի շարասյունն էր։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այն ձգված էր մի ամբողջ մղոն (ավելի քան 1600 մետր)։ Սա՝ նրանց համար, ովքեր համարձակվում են մեղադրել Հայոց բանակին կապիտուլյացիայի և պարտության մեջ, չտեսնելով ակնհայտը. Փաշինյանի հետ թուրքերի մանրակրկիտ ծրագրված հանցավոր դավադրությունը և «Քաղաքացիական պայմանագրի» դավաճանությունը։
«Բաքվում կայացած զորահանդեսին ներկա չէր Արցախի դեմ հաղթանակի ամենագլխավոր «հերոսը». Երևանում իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- գրում է «Հայ սպայի գրառումներ» տելեգրամ-ալիքը: Դրան, իհարկե, անհնար է չհամաձայնել, բայց ո՞վ ասաց, թե նրանք ներկա չեն լինի նույնպիսի շքերթի հետագա տարիներին, եթե, իհարկե, այդ ժամանակ դեռ ազատության մեջ և իշխանության ղեկին լինեն:
Լուսանկարները՝ Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից
