ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին Հայաստանի երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:
ՀԿ-ները շեշտել են, որ ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:
«Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Ցավոք, 19 քրիստոնյա հայեր դեռ շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական բանտում»,- ասվում է նամակում։
Կազմակերպությունները նաև ընդգծել են, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար և առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:
Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով Վենսին դիմել էին նաև Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան նախատեսված է փետրվարին։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենսը կայցելի խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն առաջ մղելու նպատակով։
Armenia Today
