Логотип

Առաջարկվում է Երևանի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ գաղափարը ծնողների կողմից աջակցություն է ստացել։ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը պարզաբանեց, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։

«Առաջինից վեցերորդ դասարանի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված իր հետ հեռախոս բերի դպրոց, այն դասերի սկզբում պետք է հանձնվի դասղեկին, որը կպահվի համապատասխան տեղում և միայն դասերի ավարտից հետո հնարավոր կլինի վերցնել։ 7-րդից 10-րդ դասարանի համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հեռախոսների, այլև պլանշետների, խելացի ժամացույցների մասին է։ Կարող է օգտագործվել բացառապես կրթական նպատակով և միայն ուսուցչի հրահանգով և առավելագույնը շաբաթական 1-2 անգամ»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Քաղաքային իշխանություններն առաջարկում են 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։ Տիգրան Ավինյանը նշեց՝ պետք է կարծիքները հավաքագրել, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ։

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նախագիծն ընդունելուց հետո քաղաքային իշխանությունները առաջարկելու են այս կարգավորումը ներառել նաև դպրոցների ներքին կանոնադրություններում։

Sputnik Արմենիա