Логотип

Առաջին անգամ է, որ մեր եկեղեցու դռները փակ են. ի՞նչ է կատարվում Արագածոտնի թեմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանի դռները փակ են՝ իրավապահները տեղում գործողություններ են իրականացնում։ Տեղում աշխատում են նաև ԱԱԾ աշխատակիցները։ Փակ է նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու դուռը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են Արագածոտնի թեմի ևս 5 քահանա ու աշխարհիկ անձինք։

Տեղացիները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, որ քննչական գործողությունները սկսել են վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում։ Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր Շիրազը նշել են, որ իրենք ոչ մի կասկած կամ ենթադրություն չունեն, թե ինչ հիմքով են ձերբակալել իրենց հոգևոր թեմի ներկայացուցիչներին։

«Քրիստոս ասում է՝ իմ տունն աղոթքի տուն պետք է կոչվի։ Ու մենք՝ Աշտարակի ժողովուրդը ու քրիստոնյաներս, մեր օրը սկսում ենք եկեղեցում աղոթք անելով։ Այսօր առավոտյան փակ է եղել դուռը։ Գնահատականս մեկն է, որ մեր բռնապետը հերթական անգամ հեգնում է Հայաստանում ապրող քրիստոնյաներին և բոլոր Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին»,- ասաց դպիր Շիրազը։

Բնակիչները Արագածոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և Տեր հորը բնութագրում են որպես շատ դրական մարդիկ։ Նշում են, որ նրանք շատերին են օգնել։ Այսօր թեմի գյուղերից եկեղեցի էր եկել նաև Ռուզաննա Դարբինյանը, որ լրագրողներին պատմեց, թե առաջին անգամ է Սուրբ Մարիանե եկեղեցու դուռը փակ տեսնում։

«Ես միայն լավն եմ տեսել հոգևորականներից, վատ բան չեմ տեսել երբեք։ Զարմացա, որ եկեղեցու դուռը փակ է և շատ տխրեցի»,- ասաց նա։

Եկեղեցի եկած տղամարդկանցից մեկը եկեղեցու դուռը փակ պահելը «տեռորիզմ» որակեց։

«Սա տեռորիզմ է։ Թուրքը, արաբը ու արտաքին թշնամիները չեն կարողացել սա անել։ Ի՞նչ է նշանակում թեմի եկեղեցու դուռը փակել։ Լավ, մենք՝ ժողովուրդս, էսքան ընկած ենք, անցնելու են գլուխներիս վրայով»,- ասաց տղամարդը, որը չցանկացավ ներկայանալ։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի ևս 5 քահանայի տանը, և նրանց ձերբակալել են։ Ձերբակալվել են նաև աշխարհիկ անձիք։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոգևորականները ձերբակալվել են «Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել» կասկածանքով։

Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը հայտնի չէ։