Логотип

Առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծն ուղարկվել է ԱԺ

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 13–ին տեղի ունեցած քննարկման ժամանակ գրավոր քվեարկությամբ հաստատել է «Առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին» և հարակից օրենքների փոփոխությունների օրենսդրական ամբողջական փաթեթը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ այս փաթեթն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողովի քննարկմանը` անհետաձգելի ռեժիմով։

«Այս փաթեթի վրա մենք նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ ենք աշխատել, այն բազմիցս քննարկվել ու շրջանառվել է։ Հիմա արդեն ունենք համաձայնեցված փաթեթ, որը, իհարկե, ԱԺ–ում որոշակի փոփոխությունների կենթարկվի»,– ասաց Ավանեսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ առողջության ապահովագրությունը լինելու է ոչ թե համապարփակ, այլ համընդհանուր, քանի որ այն չի ծածկելու առողջապահության բոլոր ծախսերը։

Նախարարն ավելացրեց, որ ապահովագրության շրջանակում պետությունը, օրինակ, դեղորայքի ֆինանսավորման ժամանակ առաջնորդվելու է դեղի քիմիական անվանումով, ոչ թե ուղղորդելու են արտադրող ընկերությանը։

«Մենք նաև հաշվարկ ենք արել, Հայաստանում բոլոր հնարավոր բրենդային անուններն էլ ենք ցանկավորել։ Մեր փոխհատուցման գնից ավելին արժեցող դեղերը քաղաքացին ևս կարող է ձեռք բերել համավճար իրականացնելով»,– ընդգծեց Ավանեսյանը։

Նա վստահեցրեց` հունվարի 3–ից, այսինքն` նոր տարվա առաջին աշխատանքային օրվանից սկսած, երբ քաղաքացին իրեն վատ զգա ու շտապօգնության մեքենայով տեղափոխվի հիվանդանոց, ապա եթե նրա խնդիրը ապահովագրության շրջանակում է, կա՛մ որևէ գումար չի վճարի, կա՛մ կվճարի միայն համավճարը։

Հիշեցննք` առողջության համապարփակ ապահովագրությունը ՀՀ–ում կներդրվի հաջորդ տարվանից։ Առաջին փուլում` 2026 թ. հունվարի 1-ից դրանում կներառվեն մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Հետագայում համակարգում պարտադիր սկզբունքով կներառվեն նաև այլ սոցիալական խմբերն ու աշխատող քաղաքացիները։ ՀՀ–ում գործող մասնավոր ապահովագրական ընկերությունները պետական գործընթացին մասնակցություն չեն ունենալու։

Sputnik Արմենիա