Логотип

Աստված քարոզելը դարձել է վտանգավոր․ միասնական աղոթք Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ամենշաբաթյա միասնական աղոթքն այս անգամ Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր։ Չնայած որ ճանապարհը բավական դժվարացել էր տեղացած առատ ձյան պատճառով, բայց եկեղեցին բազմամարդ էր։ Հավատացյալներ էին եկել Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերից և Երևանից։

«Աստված մեզ այնքան շատ է սիրում, որ ցանկանում է, որպեսզի հիմա էլ ապաշխարենք։ Աստված քարոզելը դարձել է վտանգավոր։ Ինչպես այն ժամանակ սրբերին ձերբակալում էին ու տանջում, որպեսզի հավատն ուրանան, ցավոք այսօր էլ տեսնում ենք նույնը։ Մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներն այսօր մեզ հետ չեն։ Մենք այժմ աղոթում ենք, տխուր ենք, բայց ոչ անհույս, քանի որ քրիստոնյան իրավունք չունի ապրելու հուսահատության մեջ ապրելու։ Մեր հույսն ամուր է»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Արագածի հովվության հոգևոր հովիվ տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։

Քահանայի խոսքով՝ նմանություններ կան և՛ այսօրվա, և՛ 4-րդ, և՛ 5-րդ դարերում տեղի ունեցող հալածանքների միջև։ Ըստ տեր Մաղաքիայի՝ փորձ է արվում ճշմարտությունը փոխարինել կեղծիքով, խոսքի ազատությունն էլ սահմանափակել բռնաճնշումներով։

Հոգևոր հովիվը շեշտեց՝ ցավոք, բայց այժմ էլ հայ ժողովուրդը չի ցանկանում համախմբվել՝ լինելով մեկ հոտ ու մեկ հովիվ։

«Մեր եկեղեցիներում միշտ պետք է աղոթք լինի ու նույնիսկ 1 մետր ազատ տեղ չպետք է լինի։ Ժողովուրդն անդադար ու միասնաբար պետք է աղոթք բարձրացնի առ Աստված, խնդրի Աստծո ողորմությունը, ապաշխարի ու դարձ ապրի»,- ասաց տեր Մաղաքիան։

Նա խնդրեց ժողովրդին ամուր լինել սեփական հավատքի մեջ ու երբեք չտրվել գայթակղություններին, աղոթել եկեղեցու անսասանության, Վեհափառ հայրապետի ամրության, երկար տարիների կյանքի համար։ Հոգևորականի խոսքով՝ պետք է աղոթել նաև, որ կալանքի տակ գտնվող սրբազան հայրերը ազատ արձակվեն ու կարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին։

Տեր Մաղաքիայի խոսքով՝ պետք է հավատալ, որ ինչպես միշտ է եղել, այնպես էլ հիմա եկեղեցին կհաղթանակի։

Sputnik Արմենիա