Հայաստանի սահմանները երբեք այսքան խոցելի չեն եղել։ Երկիրը հայտնվել է սկզբունքորեն նոր իրականությունում, որտեղ անվտանգության հարցերը էկզիստենցիալ բնույթ են ձեռք բերել։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախուզության գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Ավանեսյանը։
Ըստ Ավանեսյանի՝ այս համաժողովի անցկացման համար Ջերմուկի ընտրությունը որպես հարթակ պատահական չէ։ 2022 թվականից ի վեր քաղաքը, որը նախկինում համարվում էր ամենաանվտանգ զբոսաշրջային կենտրոններից մեկը, փաստացի վերածվել է սահմանամերձ գոտու։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան արձանագրված է ոչ միայն Ջերմուկում, այլև Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Արարատում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Արցախի իրադարձություններից հետո ճնշումն էլ ավելի է ուժգնացել։
«Հայաստանի սահմանները երբեք այսքան խոցելի չեն եղել։ Մենք երբեք քարտեզի վրա այսքան փոքր տարածք չենք ունեցել», – հայտարարել է Ավանեսյանը՝ հավելելով, որ այս գիտակցումը ձևավորում է հանրային լարվածություն, բայց միևնույն ժամանակ պահանջում է առավել մեծ համախմբում։
Իր ելույթում Ավանեսյանը խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին՝ հարցադրում անելով, թե որտեղից նրանց մոտ «այդքան ատելություն սեփական ժողովրդի և ազգային արժեքների հանդեպ»։ Նրա համոզմամբ՝ իշխանության կողմից իրականացվող պառակտման քաղաքականությունն ի զորու չէ հասնել կայուն արդյունքների։ Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի պատմական փորձը, ներառյալ Սարդարապատի ճակատամարտը և Արցախյան պատերազմը, հակառակն է փաստում՝ օրհասական պահերին միավորվելու կարողությունը։
Այս համատեքստում նա հիշեցրել է 2022 թվականի Ջերմուկի իրադարձությունները, երբ, չնայած շրջափակմանը, Արցախից ժամանած ստորաբաժանումները «արյան կանչով» օգնության են հասել, ինչը, նրա ձևակերպմամբ, պահպանվող ազգային միասնության օրինակ է։
Ավանեսյանը նշել է, որ արդի աշխարհը մասշտաբային տրանսֆորմացիա է ապրում, ներառյալ պատերազմների բնույթի փոփոխությունը և անվտանգության միջազգային ինստիտուտների թուլացումը։ «Անվտանգության գլոբալ համակարգը քայքայվում է, ազգային մեխանիզմները թուլանում են», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ այս պայմաններում Հայաստանի համար օրհասական է սեփական զսպման մեխանիզմների կառուցումը։ Նա մատնանշել է միջազգային համագործակցության զարգացման, դաշնակցային կապերի խորացման և նոր իրողություններին հարմարեցված անվտանգության արդյունավետ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Ավանեսյանը հայտարարել է քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության մասին. «Հայաստանին պետք է նոր և ուժեղ առաջնորդ, և ես հավատում եմ, որ հաջորդ վարչապետը կդառնա Սամվել Կարապետյանը։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն»։
News.am
