ԱՄՆ գործողությունները թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ համաշխարհային այլ տարածաշրջաններում, պայմանավորված են համաշխարհային առևտրային հոսքերը այնպես վերաուղղորդելու ցանկությամբ, որ դրանք անցնեն Ամերիկայի միջով և ծառայեն ամերիկյան շահերին։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, միջազգայնագետ Վլադիմիր Ավատկովը։
«Եթե կարելի է այդպես ասել, ցավերի մեջ միջազգային հարաբերությունների նոր համակարգ է ծնվում։ Շատ դժվար է ծնվում՝ բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ այնքան Ուկրաինայի մասին է, որքան Ռուսաստանի հետ Արևմուտքի պատերազմի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական սահմանների ձևավորման։ Առաջին հերթին, Միացյալ Նահանգների ձևավորման, որն ի սկզբանե հորինել է այս ամենը։ Հիմա նրանց նոր սահմաններ են անհրաժեշտ Մերձավոր Արևելքում։ Դա կապված է նրա հետ, որ ամերիկացիները ձգտում են վերաուղղորդել առևտրային հոսքերը», – նշել է Ավատկովը։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ագրեսիայի համատեքստում խոսքն այն մասին է, որ ամերիկացիների տեսանկյունից, անհրաժեշտ է խաթարել Մերձավոր Արևելքով անցնող Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք հաղորդակցությունները։ Միևնույն ժամանակ, այդ հաղորդակցությունները ընդգրկում են ոչ միայն Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների շահերը։ ԱՄՆ գործողությունները վնասում են նաև Չինաստանի շահերին, որը գոտի և ճանապարհ է ձևավորել այս տարածաշրջանով։
«Այս ամենը պետք է խաթարվի ի շահ Ամերիկայի։ Չէ՞ որ քարտեզը կարելի է այլ կերպ պատկերացնել։ Մեզ համար է Եվրասիան կենտրոն, իսկ ամերիկացիների համար Ամերիկան է կենտրոնում։ Եվ այդ դեպքում Չինաստանը ստիպված կլինի Եվրոպայի հետ առևտուր անել ԱՄՆ–ի միջոցով։ Ամերիկացիները ուրախությամբ չինական ապրանքները կթողնեն դեպի Եվրոպա, միայն թե իրենց կողմից գնի ավելացմամբ։ Դա թանկ կլինի, բայց ոչինչ, Եվրոպան արդեն թանկ գնով հեղուկ գազ է գնում, որը ամերիկացիները փաստացի պարտադրել են՝ համեմատաբար էժան ռուսական համարժեքի փոխարեն։ Ոչինչ, նույնը կլինի նաև այլ ապրանքների դեպքում», – կարծում է ռուսաստանցի փորձագետը։
Նա նաև հավելեց, որ իր նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ քաոսը տարածվի ամբողջ Մերձավոր Արևելքում՝ արգելակելով ապրանքների շարժը: Այո, դա կհանգեցնի նավթի գների բարձրացման, բայց Ամերիկան բավարար նավթ ունի ինքն իրեն ապահովելու համար: Բացի այդ, Ավատկովի խոսքով, ամերիկացիները իզուր չեն սկսել նավթով հարուստ Վենեսուելայից, և փաստացի ապահովել են ԱՄՆ բնակչությանն էներգակիրներով: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում որևէ մեկին չի մտահոգում Եվրոպայի առջև ծառացած խնդիրները, Չինաստանի շահերին հասցված հարվածն էլ ընդհանրապես դրական գործոն է ամերիկացիների տեսանկյունից։
Ագրեսիան, որը սկսվեց Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածներից, հանգեցրեց նրան, որ իրանցի զինվորականները, օգտվելով ինքնապաշտպանության իրենց իրավունքից, սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում ԱՄՆ թանկարժեք օբյեկտների ավերման, սակայն այստեղ էլ Վաշինգտոնը շահում է. ամերիկյան ընկերությունները նոր պատվերներ են ստանում, ամերիկյան ռազմական արտադրողներն ասում են. «Շնորհակալություն, Թրամփ, ավելի շատ պատվերներ տվեք, ավելի շատ գումար պատերազմի համար»,- ասում է միջազգային հարաբերությունների գծով մասնագետը։
Այն «հաջողությունները», որով պարծենում է Թրամփը, Ավատկովն անվանում է «պյուռոսյան հաղթանակ», քանի որ Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունը մուսուլմանների համար սուրբ Ռամադանի ամսվա ընթացքում նրան նահատակի լուսապսակ հաղորդեց, նպաստեց նրա կերպարի հերոսացմանը և շիաների ու սուննիների միավորմանը։ Այս սխալը գիտակցելով՝ ամերիկացիները փորձում են անհաշտություն սերմանել հիմնական մուսուլմանական պետական շրջանների միջև, և, փորձագետի գնահատականով, նրանց մասամբ հաջողվում է դա։
«Շիաների և սուննիների միջև բախումներ հրահրելըը այն է, ինչ ամերիկացիներն այժմ անում են՝ վերաձևելով սահմանները տարածաշրջանում», – ասաց նա։
ԱՄՆ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՆԵՐՔԱՇԻ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ՝ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Ինչպես նշեց Ավատկովը, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը, բավականին մեծ քանակի սպառազինությամբ, որն այնքան էլ չի տուժել ուկրաինական ճգնաժամից, ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք տվել են ամեն բան, ինչ հնարավոր էր տալ Ռուսաստանի դեմ պատերազմին։ Հետևաբար, Վաշինգտոնի տեսանկյունից, «պետք է ներքաշել Թուրքիային»։ Հատկապես, որ «չափազանց շատ» հոսքեր են անցնում Թուրքիայով։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում՝ փորձելով կանխել պատերազմի տարածումը Թուրքիայի տարածքի վրա։ Ավատկովը վստահ է` Թուրքիան ԱՄՆ-ի կողմը չի բռնի, նույնիսկ եթե Վաշինգտոնը խնդրի։
«Ինչպե՞ս ներքաշել Թուրքիային։ Նախ՝ հպարտության և ինքնասիրության միջոցով։ Ահա բալիստիկ հրթիռ է արձակվել։ Երկրորդ բալիստիկ հրթիռն է անցել։ Խոցվել է այն ամերիկյան համակարգերի շնորհիվ։ Այսինքն, ամերիկացիները օգնում են Թուրքիային։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան չի օգնում ամերիկացիներին», – կարծում է Ավատկովը։
Այնուամենայնիվ, նույնիսկ հրթիռային միջադեպերից հետո Թուրքիայի և Իրանի ղեկավարության միջև հեռախոսազրույցներ տեղի ունեցան, որոնց ընթացքում Թուրքիան հայտարարեց Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության տարածումը կանխելու անհրաժեշտության մասին, պաշտոնական Թեհրանն էլ ընդգծեց, որ չի ցանկացել Թուրքիային ներքաշել այս բախման մեջ։
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ
Ավատկովը ուշադրություն հրավիրեց ևս մեկ գործոնի վրա, որը Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն փորձում են «ակտիվացնել», այն է, որ Իրանի հյուսիսում, ինչպես հայտնի է, ադրբեջանցիներ են ապրում, որոնց հակամարտության մեջ ներքաշելը անընդունելի է Իրանի տեսանկյունից, բայց ցանկալի` Լոնդոնի և Վաշինգտոնի համար։
Նրա կարծիքով` բրիտանացիներն ու ամերիկացիներն այժմ անում են հնարավոր ամեն բան հենց այդ գործոնը ակտիվացնելու համար, քանի որ այդ դեպքում հեռանկար կա, որ հակամարտությունը կարող է տարածվել նաև Հարավային Կովկասում։
Ընդ որում, հարցն այն չէ, որ ամերիկացիներն ուզում են օգնել Թուրքիային ստեղծել «ծովից ծով» երկիր՝ Ադրբեջանից Հյուսիսային Իրանով կամ Հայաստանով, այլ այն, որ նրանք ցանկանում են նոր հակամարտության դաշտ ստեղծել՝ դադարեցնելու համար այն առևտուրը, որն անցնում է Թուրքիայի միջով՝ որպես Ռուսաստանի երրորդ առևտրային գործընկեր, ցանկացած ձևով կանխելու գազի անցումը Թուրքիայի տարածքով։
«ԱՄՆ-ն դա անում է, որպեսզի ինքնաթիռները դադարեն թռչել Երևանով։ Չէ՞ որ շատերն են Ռուսաստանից Երևանի միջոցով թռչում դեպի Եվրոպա կամ այլ տեղ։ Այդ ճանապարհը ևս պետք է փակվի։ Իրանի շուրջ բոլոր հակամարտությունների ֆոնին ինքնաթիռները սկսեցին թռչել Հարավային Կովկասով։ Հարավային Կովկասի համար դա լավ է, քանի որ այն որոշակի առումով մարդկանց և ապրանքների տեղաշարժի հանգույց է դառնում, բայց դա բոլորովին չի տեղավորվում ԱՄՆ–ի ծրագրերի մեջ։ Եվ հակամարտության հետագա տարածումը, դրա ընդլայնումը ազգայնական գաղափարների և թյուրքական գործոնի հաշվին այն է, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն», – եզրափակեց Ավատկովը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավը արդեն երկրորդ շաբաթն է շարունակվում։ Այս ամբողջ ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում։
Թել Ավիվը հայտարարել է, որ իր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել երկրի ռազմական ներուժը և կոչ է արել քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մինչդեռ Իրանը ընդգծել է, որ պատրաստ է ինքնապաշտպանության և բանակցությունները վերսկսելու իմաստ դեռ չի տեսնում։
