Ես հարցաքննվել են քննչական կոմիտեում, ունեմ վկայի կարգավիճակ. հուսով եմ, որ շտ շուտով իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը՝ անդրադառնալով իր հետ կապված աղմկահարույց միջադեպին։
Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը կապ ունի լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու հետ. «Տվյալ անձը լրատվամիջոցներին հայտնել է, որ ես եմ իրեն հայհոյել, իսկ ինքը փորձել է խոսակցությունը տանել ավելի կոռեկտ դաշտ, որը իրավակությանը չի համապատասխանում։ Ես պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով, որ նա ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո խնդրել եմ ուղղակի իր հեռախոսահամարը՝ հասկանալու համար, թե ո՞նց կարա անծանոթ մարդը դիմացինին ուղղակի չճանաչելով հայհոյանքներ տեղալ։ Նորից եմ ստացել հայհոյանքներ տարափ, և ուղղակի դադարել է շփումը։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է, որից երկու օր հետո տվյալ անձը չհանգստանալով զանգում է իմ աշխատանքային ընդունարան, գործավարին խնդրում է, որ փոխանցեն ինձ իր հեռախոսահամար, որ ես իր հետ կապնվեմ։
Հասկանալով, որ իմ կարծիքով, գործ ունենք քաղաքական ինչ-որ պատվերի հետ, ես փորձում եմ զերծ մնալ այդ ամեն ինչից և չեմ էլ զանգում իրեն, որից հետո անձը տեսնելով, որ ես իրեն չեմ զանգում, Messenger հավելվածի միջոցով 10-15 նամակագրություններ է ուղարկում, այդ թվում ինձ և իմ ազգականներին, իմ ընկերներին, իմ աշխատանքային թիմին հայհոյանքների մի տարափ է գալիս։ Այդ դեպքում նոր ես զանգում եմ իրեն, հասկանալու համար ինչ է կատարվում։ Մարդը իմ ձայնը լսելուց հետո հասկանալով, որ ես եմ, անջատում է։ Այսքանով մեր խոսակցությունը, մեր դիալոգը սահմանափակվել է»,–ասաց նա։
Ավետ Բաբայանը նշեց, որ Հակոբ Կարապետյանին երբևիցե չի տեսել, նրա հետ որևէ առնչություն չի ունեցել, իրեն չի ճանաչում. «Մենք բռնությունը դատապարտում ենք անկախ ամեն ինչից։ Արդար քննադատությունը մեր համար ընդունելի է, բայց դա չի նշանակում որ մարդը նամանավանդ լինելով ժամանակին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, պիտի անցներ այս սահմանները։ Դա իրեն կամ ցանկացած մարդու իրավունք չէր տալիս դիմացին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։
Եվ ուզում եմ նաև ֆիքսենք, որ քանի որ նա կոնկրետ ուղղորդում է իմ ուղղությամբ, ես այլ համոզմունք ունեմ, որ ինչի չենք նայում, որ այս քաղաքացին, երբ թե անծանոթ մարդուն կարա այս աստիճան վիրավորանքներ հասցնի, ես համոզմունք ունեմ, որ նա այդ կոնտեքստով շփվում է բոլոր այն մարդկանց հետ, որոնք իրեն ուղղակի հաճելի չեն կամ իրեն այդպես հրահանգավորում է գալիս։
Ինչի՞ են բացառում, որ այս մարդը մենակ ինձ կարար նման կոնտեքստով բաներ գրել»,– ընդգծեց քաղաքապետարանի պաշտոնյան։
«Ի սկզբանե չեմ փորձել այդ նամակագրությունը տարածել՝ կախված բնույթից։ Այնտեղ հայհոյանքներ կան, դուք չնչին մասն եք տեսել։ Իմ ոճը չի անծանոթ մարդու հայհոյել, առավել ևս բռնություն կիրառեմ։
Այն, որ սա քաղաքական պատվեր է, դա իմ համոզմունքն է, քանի որ Հակոբ Կարապետյանի տարածած սուտը շարունակեց Հայկ Մարությանը։ Ես վստահ եմ, որ սա կապված է իմ աշխատանքային գործունեության, իմ քաղաքական թիմի հետ»։
Ավետ Բաբայանը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Հակոբ Կարապետյանը քաղաքապետի խոսնակն էր, ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, թե «խնչած ունի» քաղաքացու կարծիքի վրա։ «Այո, առաջին նամակագրությունը գրել եմ ես, իր գրածին համարժեք պատասխան եմ տվել, որ տգետը դու ես։ Դրան ի պատասխան ստացել եմ հայհոյանքների տեղատարափ»,–ասաց նա։
Բաբայանն ընդգծեց, որ մինչ այս պահը Հակոբ Կարապետյանի հետ չի առերեսվել։
Նա նաև տեղեկացրեց, որ իր կողմից դատական հայց են ներկայացնելու, այդ պահին քննարկման փուլում է այդ հարցը։
Հիշեցնենք, որ օրերս լրագրող, ժամանակին քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն, իր հասցեին հնչել են սպառնալիքներ։ Կարապետյանը նշել էր, որ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն։ Հարուցվել է քրեական գործ։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։
Ինքը բաբայանը հայտարարություն է տարածել՝ նշելով. ««Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին»։
News.am